Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Նաիրիտում» ներդրման պատրաստ հոլդինգից երաշխիքներ է պահանջել


«Նաիրիտը» վերագործարկել ցանկացող հոլդինգի և կառավարության բանակցությունները դեռ շարունակվում են: Չնայած նախօրեին ունեցած բանավոր պայմանավորվածությանը՝ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հետ համաձայնագիր այսօր չի կնքվել։

«Ազատության» հետ զրույցում գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն ասաց, թե կառավարությունն այսօր ընկերությունների հոլդինգից սնանկացած գործարանում ներդրումներ կատարելու փաստացի երաշխիքներ է պահանջել:

«Կառավարությունը ցանկանում է երաշխիքներ՝ հաշվեկշիռ և նման բաներ, որ հիմնավորվի՝ հոլդինգը հնարավորություն ունի՞ նմանատիպ հարցերը կարգավորելու», - նշեց Իսրայելյանը՝ այդուհանդերձ կարծիք հայտնելով, որ հոլդինգը ունի համապատասխան հնարավորությունները գործարանը վերագործարկելու համար:

Կառավարության ներկայացուցիչների հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Երեքշաբթի՝ բանակցությունների մեկնարկին, վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն «Ազատությանն» ասել էր, թե գործադիրը պատրաստ է բոլոր ներդրողների հետ հանդիպել ու քննարկումներ անցկացնել, սակայն գործարանի հետ կապված լուրջ առաջարկություն մինչ այժմ չի ստացել։

«Նաիրիտի» նախկին աշխատակիցների ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը հույս ունի, թե պետական այրերը մոտ ապագայում իրենց կարծիքը կփոխեն։ «Նաիրիտի» նախկին աշխատակից, իսկ հիմա դրա վերագործարկման համար պայքարող Շահվերդյանն պնդում է՝ սնանկ ճանաչվելուց հետո ամեն օր գործարանից գույք է օտարվում, որն ավելի է դժվարացնում դրա հետագա գործարկումը։ Գործարանն ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլարի պարտք է կուտակել 292 ընկերության ու անձի:

«Բազմաթիվ սարքավորումներ են օտարվել, ինչը գործարանի վերագործարկման համար հաստատ պետք կգար», - ասում է նա: - «Տեղեկություն էր ստացվել, որ գործարանի սնանկության կառավարիչը պայմանավորվածություն ունի 22 հազար տոննա երկաթը որպես մետաղի ջարդոն հանձնելու համար», - նշում է Շահվերդյանը:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ «Նաիրիտը» վերագործարկելու համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական որոշում է անհրաժեշտ։ Կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյոք տարիների կուտակված պարտքը կարող է զրոյացնել:

«Սև խոռոչի նման մի բան է դարձել «Նաիրիտը»: Չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ազատվել այս սև խոռոչից: Կառավարությունը կվերցնի՞ իր վրա, կքաշի՞ այն գիծը, որից հետո ներդրողներին կասի, որ այդ ամեն ինչը վերցնում է իր վրա և հիմա զարգացրեք «Նաիրիտը», - ասում է Բադալյանը:

Նախկին աշխատակիցները պնդում են՝ եթե կառավարությունը ներդրողներին դրական պատասխան չտա, իրենք ծայրահեղ քայլերի կդիմեն։

«Նաիրիտ» գործարանը դադարեց աշխատել 2010 թվականի մարտին, իսկ նաիրիտցիների մեծ մասն անգործ մնաց 2015-ի փետրվարին, երբ շուրջ 1700 աշխատակից կրճատվեց։ Նրանք միայն երկարատև բողոքի ակցիաներից հետո ստացան իրենց մի քանի տարվա աշխատավարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG