Մատչելիության հղումներ

Գյումրիում գործող ընկերությունն ահազանգում է «նոր խոչընդոտների» մասին


«ՉԱՊ քեմիքլ»-ի արտադրանքը Էքսպո ցուցահանդեսում, 2016 թ․
«ՉԱՊ քեմիքլ»-ի արտադրանքը Էքսպո ցուցահանդեսում, 2016 թ․

Գյումրիում գործող «ՉԱՊ քեմիքլ» ընկերությունն ահազանգում է, որ հարկային նոր խոչընդոտ է ստեղծվել դրոշմապիտակով աշխատող գործարարների համար:

Օճառ արտադրող այս ընկերությունը ապրանքի վրա փակցվող դրոշմապիտակի խմբաքանակը մշտապես ձեռք է բերել Գյումրիի տարածքային հարկային տեսչությունից, սակայն հուլիսին նրանց հայտնել են, որ դրանք այժմ կտրամադրվեն միայն մայրաքաղաք Երևանում:

«ՉԱՊ» քեմիքլ ընկերության փոխտնօրեն Արման Գրիգորյանն ասում է՝ այդ քայլով արհեստական խոչընդոտ են ստեղծում և խտրական մոտեցում ցուցաբերում մայրաքաղաքում ու մարզերում աշխատող գործարարների համար: «Էստեղից հիմա ասում են, որ ներքին կարգադրությամբ՝ մարզերում գործող գործարարները պետք է հասնեն Երևան ու էնտեղից ստանան դրոշմապիտակները: Սա, իմ կարծիքով, խտրական վեաբերմունք է մարզերի արտադրողների նկատմամբ»,- ասաց Գրիգորյանը:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ դրոշմապիտակով վաճառվում են Հայաստանի տարածքում արտադրված կամ Հայաստան ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված ապրանքները: Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն էլ՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը տուգանվում է 300 հազար դրամով:

«ՉԱՊ քեմիքլ» ընկերությունը դիմել է պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին՝ պարզելու, թե ինչի հիման վրա է ներքին հրահանգ տրվել, որ մարզերում դրոշմապիտակ չտրամադրվի: «Տվյալ դեպքում որևէ հիմնավորում չկա»,- նշում է ընկերության փոխտնօրենը:

«Ազատությունը» ևս դիմեց ՊԵԿ, կառույցի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ խնդրի շուրջ պարզաբանում կտրամադրեն վաղը: Եթե Պետեկամուտների կոմիտեի պատասխանը չբավարարի ընկերությունը, «Չապ քեմիքլը» պատրաստվում է ՊԵԿ-ի դեմ դատական հայց ներկայացնել:

Արդյո՞ք դրոշմապիտակի տրամադրման կարգում նշված չէ, թե գործարարը որտեղից է ստանալու այն: Արման Գրիգորյանն ասում է, որ կարգում այդ մասին որևէ խոսք չկա: Նրա խոսքով՝ կառավարության ու ՊԵԿ-ի ղեկավարի հայտարարությունների ու իրականության միջև լուրջ հակասություն կա: Հատկապես մարզերում հազիվ գոյատևող բիզնեսին արտոնություններ տրամադրելու փոխարեն նոր խնդիրների առաջ են կանգնեցնում: Մինչդեռ, գործարարի հիշեցմամբ՝ պաշտոնը ստանձնելիս ՊԵԿ-ի ղեկավարը բոլորովին այլ հայտարարություններ էր անում, մասնավորապես, հավաստիացնելով, թե չեն խոչընդոտելու գործարարների աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG