«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի և կառավարության ներկայացուցիչների երեկ կայացած հանդիպմանը հոլդինգը քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտը» վերագործարկելու առաջարկ է արել։ Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով՝ եվրոպացի գործընկերները ցանկանում են սնանկ ճանաչված գործարանում ներդրումներ կատարել և կառավարությանն առաջարկել են համապատասխան համաձայնագիր ստորագրել։ Բանակցությունները շարունակվում են։
«Մենք հանդիպել ենք փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, բավական աշխատանքային անցավ հանդիպումը, կարճ ժամանակում հասկացա մի բան․ կառավարությունը ցանկանում է, որ «Նաիրիտն» աշխատի, բայց լուծումներ չունի»,- ասաց Իսրայելյանը:
Հոլդինգի ներկայացուցիչները դեռ նախորդ տարի 100 միլիոն դոլարի չափով ներդրում կատարելու պատրաստակամություն էին հայտնել: Այժմ նրանք նախ ցանկանում են իրենց միջոցներով տեխնիկական աուդիտ անցկացնել՝ գործարանի ներկա վիճակը պարզելելու համար։ «Նաիրիտի» նախկին տնօրենը հիշեցնում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում սնանկ ճանաչված գործարանի գույքն օտարվում է, ու նաև դա է պատճառը, որ ներդրողը ցանկանում է հասկանալ գործարանի իրական վիճակը:
«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» անգլիացի ներկայացուցիչ Գարի Նեվիլն ու բուլղարացի Պլամեն Ռուսևը կարծում են, որ համաձայնագրի ստորագրումից հետո մոտ վեց ամսում հնարավոր է գործարանի ուսումնասիրության համար անհրաժեշտ առաջին քայլերն անել։ «Ես տպավորված եմ ձեռնարկատիրական այն ոգով, որ Հայաստանում կա։ Ցանկացած գործարանի վերագործարկում երկար ու բարդ գործընթաց է։ Բայց ես հույս ունեմ, որ համաձայնագիրն այս շաբաթ կկնքենք, ու դա կլինի այս երկար գործընթացի առաջին քայլը»,- ասաց Գարի Նեվիլը: Պլամեն Ռուսևն, իր հերթին, հավելեց․ «Հուսով եմ՝ տեխնիկական ուսումնասիրության արդյունքները գոհացուցիչ կլինեն, և մոտ երկու տարվա ընթացքում արդեն հնարավոր կլինի գործարկել որոշ արտադրամասեր»:
Սնանկ ճանաչված «Նաիրիտն» այսօր հսկայական պարտքեր ունի։ Նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն ասում է՝ ներդրումներ կատարելու պատրաստ հոլդինգը մոտ 100 միլիոն դոլարի հասնող պարտքը չի ցանկանում մարել։ Խոստացված ներդրումն էլ կկատարի միայն պարտքերի սառեցման ու հարկային որոշակի արտոնությունների տրամադրման դեպքում։
Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ պատրաստ են քննարկել գործարանի հետ կապված ցանկացած առաջարկ, սակայն լուրջ և ողջամիտ ծրագիր դեռ չեն ստացել:
«Նաիրիտ»-ն, ընդհանուր առմամբ, պարտք է 292 ընկերության և անձի։ Պարապուրդի տարիներին միայն գործարանի աշխատողների աշխատավարձի 6 միլիարդ դրամ կազմող պարտքը մարվեց, այն էլ՝ նրանց ամիսներ տևած պայքարից հետո։
«Նաիրիտ» գործարանը դադարեց աշխատել 2010 թվականի մարտին։ Հարյուրավոր աշխատատեղեր կրճատվեցին։