Մատչելիության հղումներ

2016 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտը աճել է 38.2 տոկոսով


Հայաստանում ստեղծված Volteman խելացի դրամապանակը:
Հայաստանում ստեղծված Volteman խելացի դրամապանակը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան ոլորտը անցած տարի ռեկորդային աճ է գրանցել՝ 38.2 տոկոս: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008-ից ի վեր:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, եթե նախորդ ինը տարիներին հայաստանյան ողջ տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 1.9 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների միջին տարեկան աճը կազմել է 12.7 տոկոս, կամ 6.6 անգամ շատ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի խոսքով՝ նորությունը ոլորտում որակական աճն է: Աստիճանաբար ավելի շատ հայաստանյան թիմեր, ընկերություններ են հայտնի դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային հարթակում․ - «Սեփական պրոդուկտներ են դուրս գալիս, որոնք միջազգային շուկայում սկսում են հաջողություն ունենալ: Նույն ասենք SoloLearn, պորտմանի ծրագիրը, PIcsArt-ի շարունակական հաջողություններն ենք տեսնում»:

Օրերս տեղեկացանք, որ հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում ուսուցանող հարթակ է, Facebook-ի կողմից ճանաչվել է տարվա գլոբալ հավելված՝ Global App of the Year մրցույթում արժանանալով առաջին մրցանակի 87 երկրից ներկայացված 900 հայտերի շարքում:

«Մեր ընկերությունները, անգամ նրանք, որոնք միջազգային են, Երևանը դարձնում են կենտրոն: Նույն ասենք National Instrument-ը այսօր ինժեներական կենտրոն ա National Instrument կորպորացիայի համար, ամբողջ Եվրոպայից մինչև Սինգապուր լուծումների համար», - նշեց Վարդանյանը:

Armphone-ի ու Armtab-ի արտադրող Technology and Science Dynamics ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով, ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների նման հաջողությունը նախևառաջ բացատրվում է արտահանման աճով․ - «Սա բացատրվում է ՏՏ ոլորտի ընկերությունների գլոբալ շուկա դուրս գալու հնարավորությունները՝ արտահանման, համատեղ աշխատանքների շնորհիվ: Եմ երեք տարվա Հայաստանում գործունեության ընթացքում ես դա շոշափելի նկատում եմ»:

Միևնույն ժամանակ, գործարարը հորդորեց զգուշորեն մոտենալ նամն աճին․ - «Ընդհանրապես էկոնոմիկայի մեջ դա հնարավոր ա՝ պոռթկումը, բայց ամենակարևորը դրանից հետո, եթե ոչ աճ ապահովելը, ապա նույն մնալն է: Դա բավականին մեծ խնդիր է: Այսօր ժամանակ առ ժամանակ ՏՏ ոլորտում կարող է լինել պատվերների հոսք, որի հիման վրա, ասենք, մեկ-երկու տարի աճը կարող է լինել ավելի բարձր, քան սպասելի է կամ կարելի է ակնկալել որպես համաչափ աճ: Բայց դրանից հետո կարող է անկում լինել»:

Որպեսզի աճը կայուն լինի, ոլորտի ներկայացուցիչները խոսում են կառավարության աջակցութնոից և կրթական համակարգի իրականա բարեփոխումից:

«Մեր աճը այսօր սահմանափակվում է մասնագիտական խիստ պակասով: Այսինքն, կրթական համակարգը ամբողջությամբ ոչնչացված է, գրեթե գոյություն չունի, ասենք, համալսարանական կրթությունը: Միջին մասնագիտական գոյություն չունի ու չունի», - ասաց Կարեն Վարդանյանը:

«Կառավարության աջակցությունը խնդիր է: Ըստ էության, այն բացակայում է», - ընդգծում է Վարդանյանը: - «Գլոբալ, ստրատեգիկ համագործակցություն կառավարության հետ չկա: Չկա, որովհետև դիալոգ չկա: Այսինքն, կառավարության հետ դիալոգ, թե ռազմավարության առումով մենք ի՞նչ անենք, ի՞նչն է ամենակարևորը, դա չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG