Մատչելիության հղումներ

Բացահայտվել է Թրամփ կրտսեր-Վեսելնիցկայա հանդիպման 8-րդ մասնակիցը


Ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայա, արխիվ
Ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայա, արխիվ

Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարար, միլիարդատեր, Դոնալդ Թրամփի երբեմնի գործընկեր Արազ Աղալարովի համար աշխատող Իրակլի Կավելաձեն 8-րդ մարդն էր, ով անցյալ տարվա հունիսին ներկա է եղել Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի և ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպմանը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Աղալարովի փաստաբան Սքոթ Բալբերին:

Բալբերը լրատվամիջոցներին հայտնել է, որ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունը ղեկավարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը կապվել է իր հետ, և որ ինքը և Կավելաձեն համագործակցում են քննության հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփ կրտսերի և Վեսելնիցկայայի հանդիպմանը ներկա է եղել նաև ռուս լոբբիստ Ռինատ Ախմետշինը, որին ամերիկյան լրատվամիջոցները ներկայացնում են որպես խորհրդային անվտանգության ծառայությունների նախկին գործակալ:

2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որդին հանդիպել էր Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով խոստացել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել։

Վեսելնիցկայան իր հերթին, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, պատրաստակամություն է հայտնել վկայություն տալ Միացյալ Նահանգների Սենատի առջև: Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը քննում է Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը անցյալ տարվա ամերիկյան նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG