Գյումրիի պատմական կենտրոնի բնակիչներն անհանգստացած են, ասում են, որ իրենց տների դիմաց առաջարկվող ֆինանսական փոխհատուցումը չափազանց փոքր է: Բնակիչների պնդմամբ, այդ գումարով նույնիսկ քաղաքի ամենածայրամասային թաղամասերում չեն կարողանա բնակարան գնել:
«Առաջարկել են քառակուսի մետրը՝ 200 դոլար, որից հրաժարվել եմ: 60 քմ տարածքով բնակարանի գինն անում է 12 հազար դոլար: Դրանով միայն «Մուշում» կկարողանաս բնակարան ձեռք բերել», «Եթե պետք է բնակարանս վաճառեմ ու չկարողանամ ավելի բարվոք պայմաններում ապրեմ, ինչի՞ս է պետք վաճառեմ»,- «Ազատության» հետ զրույցում ասում էին քաղաքի կենտրոնի բնակիչները:
Գյումրիի կենտրոնում տուրիստական կենտրոն կառուցելու «Կումայրի» ծրագիրը դեռ տարեսկզբին նախաձեռնել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Մինչ տարածքում կոմունիկացիոն ցանցի շինարարությունն է ընթանում, տարածքի բնակիչներն ասում են, որ իրենց սեփականության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Նրանց խոսքով՝ չկա մի օր, որ իրենց դռները չթակեն ու տունը վաճառելու առաջարկ չանեն:
Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ և ի՞նչ սկզբունքով է որոշել տների գները, գնային ի՞նչ սանդղակ է սահմանվել: «Կախված է վթարայնության աստիճանից, սկսվում է 25 հազար դրամից [1 քմ-ի դիմաց], ավարտվում է 100 հազար դրամով, որոշակի շեղումներ կարող են լինել»,- ասաց Գասպարյանը, հավելելով, որ առաջնորդվում են անշարժ գույքի շուկայում գործող տվյալներով:
Սեփականության վաճառքից բացի, բնակիչներին առաջարկվում է նաև իրենց տները ներդնել ծրագրում, դառնալ բաժնետեր և եկամուտ ստանալ: Սակայն մարդիկ այդ տարբերակը խիստ ռիսկային են համարում: Ուշագրավ է այն, որ շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին, որ նման հնարավորություն ունեն: Բնակիչներից մեկը նույնիսկ պնդեց, թե տների գնման առաջարկով եկածները երբեմն անգամ սպառնալիքներ են հնչեցնում․ «Մի երիտասարդ եկավ, ասաց՝ կա մի օրենք, եթե չվաճառես, պետությունը կգա գերակա շահով ձեռքիցդ կառնի»: Հենրիկ Գասպարյանը հակադարձում է՝ տարածքը գերակա շահ հայտարարելու հարց դեռևս չի քննարկվում:
Նշված տարածքում, որը դառնալու է տուրիստական կենտրոն, 125 տուն է հաշվառված: «Կումայրի» ծրագրին մասնակցում է նաև վարչապետի ընտանիքը՝ 500 հազար դոլարի ներդրումով: Կարեն Կարապետյանի ընտանիքն արդեն Գյումրիի կենտրոնում՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան դիմաց գտնվող մեկ շենք է գնել, որը, ըստ քաղաքային իշխանությունների, վերակառուցվելուց հետո դառնալու է հյուրանոցային-ռեստորանային համալիր: