Մատչելիության հղումներ

Ասիական զարգացման բանկը ՀԷՑ-ին 80 միլիոն դոլարի վարկ է տրամադրում


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 80 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության ու արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

«Ավելի արդյունավետ և հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարևոր է Հայաստանում տնտեսական աճի համար», - ասել է ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնությունների վարչության ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: - «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ-ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի և գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:

Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավել մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով՝ 2016 թվականի մոտ 10 տոկոսից մինչև 2021-ը հասցնելով 8 տոկոսի: «ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ», - ասված է Ասիական զարգացման բանկի հաղորդագրությունում:

ՀԷՑ-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որը հիմնվել է 2002 թվականին՝ էլեկտրաէներգիայի բաշխման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների մասնավորեցման և միաձուլման արդյունքում: Այն էլեկտրաէներգիայի արտոնագրված բաշխողն է և սպասարկում է Հայաստանի ամբողջ տարածքում:

«ԱԶԲ-ն, որը հիմնված է Մանիլայում, նվիրված է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցման գործին: Հիմնադրված լինելով 1966 թվականին՝ ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման գործունեությանը միտված գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամներին, որոնցից 48-ը՝ տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի տրամադրած օգնությունը կազմել է 31,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ` 14 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG