«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին համագործակցության հուշագրեր են ստորագրել Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթում հաղթած «AR magic» և «Web Pro by Game» նախագծերի հետ:
Մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:
«Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- իրենց գաղափարի մասին պատմել է «AR Magic» նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:
«Web Pro by Game» նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանն էլ իր ծրագրի վերաբերյալ նշել է. - «Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաև ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում, այլև այլ երկրներում տարածել մեր ծառայությունը և խաղերի միջոցով իրականացնել ուսուցում, որն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց օգնության չէինք կարող շարունակել»:
Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի մեկնարկը տրվել էր դեռևս այս տարվա մարտի 29-ին`ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ Նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով:
Հայտարարված մրցույթին նախապես հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, արդյունքում ընտրվել էին լավագույն 2 առաջարկները: Ընտրող հանձնաժողովի կազմում, բացի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներից, ընդգրկված էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը։