Մատչելիության հղումներ

Գաղտնագրող-շորթիչ ծրագրի հարձակումը վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի համար


Հունիսի 27-ին Եվրոպական մի շարք երկրներում համակարգչային խափանումների պատճառ դարձած գաղտնագրող-շորթիչ ծրագրի լայնամասշտաբ հարձակումը վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի համար:

Հակավիրուսային պաշտպանությամբ զբաղվող «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Windows օպերացիոն համակարգի օգտատերերին տեղադրել Windows-ի վերջին թարմացումները, ինչպես նաև համոզվել, որ կան կարևոր համակարգչային տվյալների պահուստային օրինակներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը փաստում է՝ Հայաստանում չկա ընդհանուր մոտեցում կիբերանվտանգությանը, հանրությունը տեղեկացված չէ, թե ինչ կարելի է անել նմանատիպ հարձակումների ժամանակ: Բացի այդ, Հայաստանում մեծ թիվ են կազմում ոչ լիցենզիոն Windows-ները, որոնք հաճախ չեն ստանում անվտանգության վերջին թարմացումները:

«Հայաստանը բավականին խոցելի վիճակում է, տեսականորեն՝ մենք կարող ենք լինել նույն վիճակում, ինչ Ուկրաինան», - «Ազատության» հետ զրույցում նշեց փորձագետը: - «Ուրիշ հարց, որ մենք, բարեբախտաբար, չենք դառնում կիբերկրիմինալի կամ ինչ-որ պետության համար աշխատող հաքերների թիրախում, դրա համար մի քիչ մեզ ապահով ենք զգում: Բայց դա մի քիչ սխալ ապահովուոյթուն է», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ երեկվա հարձակման հետևանքով, մասնավորապես, կաթվածահար էին եղել Ուկրաինայի կենտրոնական բանկը, Կիևի մետրոպոլիտենն ու «Բորիսպոլ» օդանավակայանը, ինչպես նաև էներգամատակարարող մի շարք ձեռնարկություններ: Կիբերհարձակումը թիրախավորել է նաև այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում և Հնդկաստանում գործող ընկերություններ: Ուկրաինան վիրուսի տարածման համար մեղադրում է Ռուսաստանին, սակայն ռուսաստանյան մի շարք ընկերություններ ևս, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ը, հայտարարում են կիբերհարձակման ենթարկվելու մասին:

«Կասպերսկի Լաբորատորիան» պարզաբանել է, որ գաղտնագրող-շորթիչ ծրագիրը ավելի վաղ հայտնի «Պետյա» վիրուսի նոր տարատեսակ է և այն անվանել է «ԷքսՊետյա»: Ընկերության տվյալներով այսօր առավոտյան վնասարար ծրագիրն արդեն 2,000 համակարգիչ էր վարակել:

Վիրուսը հատուկ փակ կոդով գաղտնագրում է համակարգչի բոլոր ֆայլերն այնպես, որ դրանք դառնում են անօգտագործելի և պահանջում է 300 դոլար վճարել՝ դրանք ապակոդավորելու համար: «Ազատության» հարցին՝ ի՞նչ կարող է անել վիրուսով վարակված օգտատերը կամ կազմակերպությունը, արդյո՞ք պետք է վճարել պահանջվող գումարը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Այս դեպքում ամենակարևորը՝ վճարել պետք չէ միանշանակ, որովհետև այն էլեկտրոնային հասցեն, որով դուք կարող էիք կապվել այդ հաքերների հետ արգելափակված է, այնպես որ, եթե անգամ վճարեք, չեք կարող իրենց դիմել և ասել, որ վճարել եք: Այնպես որ, վճարել հաստատ պետք չէ: Երկրորդը՝ պետք է փորձել գոնե ֆայլերը պահպանել, որպեսզի եթե ապագայում ապակոդավորող ծրագիր ստեղծվի, փորձեք վերականգնել»:

Փորձագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և չբացել կասկածելի հաղորդագրությունները, քանի որ դա վիրուսի տարածման հիմնական մեխանիզմն է: Բացի այդ, եթե կազմակերպության ներքին ցանցում որևէ համակարգիչ արդեն վարակվել է դրանով, անհրաժեշտ այն անջատել ցանցից՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար:

XS
SM
MD
LG