Մատչելիության հղումներ

Կառավարության անդամները նախընտրում են չխոսել հրաժարականի հեռանկարի մասին


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մենք վստահ ենք, որ հինգ տոկոսից ավել է լինելու աճը»:

Հարցին, թե այդ աճը չապահովելու դեպքում արդյոք հրաժարական ներկայացնելու պարտավորություն ունեն, նախարարը պատասխանեց․ - «Պարտավորություն չունենք, բայց հաստատ վստահ եմ, որ ինչպես այսօր եք Դուք այդ հարցը բարձրացնում, այդ ժամանակ հարց բարձրացնողներ կլինեն»:

Կառավարությունը, ըստ ԱԺ ներկայացրած ծրագրի, առաջիկա 5 տարիներին միջինը շուրջ 5 տոկոսի տնտեսական աճ է ուզում ապահովել: Նախարարները պնդում են, թե ջանքեր գործադրելու պայմաններում այդ նպատակը «հասանելի» է:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան․ - «Մենք որոշել ենք հասնել և կհասնենք»:

2013-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ - «Այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Նախագահի այդ հայտարարությանը հաջորդած 4 տարիներին 7 տոկոս տնտեսական աճ չի գրանցվել, և կառավարությունների հրաժարականների պատճառներն էլ, համենայնդեպս պաշտոնական հայտարարություններում, տնտեսական աճի ցածր ցուցանիշներով չեն պայմանավորվել:

Հարցին՝ Դուք կարծո՞ւմ եք, որ Կառավարությունը, որը չի իրականացրել իր խոստումները պետք է հեռանա, Կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանն արձագանքեց․ - «Փաստաթուղթը ընդունվում է նախ և առաջ քաղաքական ուժի կողմից: Քաղաքական ուժը վստահություն է տալիս, մանդատ է տալիս, և ներկայացվում է պառլամենտում հանրությանը: Պատասխանատվության տակ մտնում են քաղաքական ուժերը: Եթե տվյալ ծրագիրը չի կատարվում, արդեն տվյալ քաղաքական ուժը պետք է որոշի իր հետագա քայլերը»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այս տարի հնարավոր էր համարել 830-850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերի իրագործումը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 30 տոկոսով: Ուստի, նախարարի կարծիքով, վարչապետի խոստումը ինչ-որ մասով կատարվել է․ - «Մենք ունենք այդպիսի տենդենց․ 19.7 միլիարդ դրամի օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումները հոսել են դեպի մեր երկիր»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ Կարապետյանի հայտարարած ներդրումները կատարվել են 40 տոկոսի չափով․ - «Մոտավորապես 37-40 տոկոսը կարելի է նշել, որ արդեն իսկ առաջին 5-6 ամիսներին [իրականացվել են]: Տարբեր ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, սննդի վերամշակում, գյուղմթերքի վերամշակում, թեթև արդյունաբերություն և այլն: Բոլոր ոլորտներում»:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը Տնտեսական զարգացման նախարարությանը հորդորում է հրապարակել, թե որ ոլորտներում են նախարարի ասած ներդրումները կատարվել:

Պաշտոնական տվյալներ հայտնի են միայն եռամսյակի վերաբերյալ: Գևորգյանը դրանք համեմատել է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Մեկնաբանի խոսքով՝ վիճակագրության համաձայն, օտարերկրյա ուղղակի ներդրումներն իսկապես աճել են, այց խոսքը 30-40 միլիոն դոլլարի մասին է, իսկ Կարայանը խոսում էր 400 միլիոնից․ - «400 միլիոն դոլարի ներդրում նշանակում է որևէ ձեռնարկության շինարարություն, ենթակառուցվածքներ, սարքավորումներ, տեխնոլոգիաների ներկրում․․․ Ու դա թաքուն անել հնարավոր չի: 400 միլիոն դոլարը, որը ահռելի գումար է, մենք դա կտեսնեինք, ասենք, շատ պատկերավոր ասած՝ փողոցում գնացող ինչ-որ մեծ հաստոցի տեսքով, որ գնում է ինչ-որ տեղ տեղակայվելու: Մենք այդ հաստոցը չենք տեսել: Ներդրումն այնպես չի, որ բերում են ու ինչ-որ դարակում շարում են, չէ՞: Դա ինչ-որ գործողության ա վերածվում, որը որ մենք չենք տեսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG