Բրյուսելում այսօր կմեկնարկեն Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով բանակցությունները: Նախատեսված է, որ «Բրեքզիթ»-ի գործընթացն ավարտելու համար երկու տարի կպահանջվի:
Հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան: Դրանց հիմնական նպատակը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ բանակցություններին պատրաստվելն էր։
Վարչապետ Թերեզա Մեյը ցանկություն ուներ ամրապնդել իր կուսակցության դիրքերը՝ մեծացնելով պահպանողականների ներկայությունը խորհրդարանում, մինչդեռ արդյունքում կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը: Որևէ կուսակցություն չստացավ մեծամասնություն:
Ընտրություններից հետո Մեյը հայտարարեց, որ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել, որպեսզի սկսի «Բրեքզիթ»-ի բանակցությունները: Նա նշեց, որ կոալիցիա կկազմի Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ: