Մատչելիության հղումներ

Netflix-ը ԱՄՆ-ում բաժանորդների թվով առաջ է անցնում կաբելային հեռուստատեսությունից


Տեսանյութերի օնլայն հեռարձակման Netflix հարթակը ԱՄՆ-ում ունեցած բաժանորդների թվով առաջին անգամ գերազանցել է կաբելային հեռուստաընկերություններին:

Հղում կատարելով մեդիա ոլորտի հետազոտություններով զբաղվող Leichtman Research ընկերությանը, Forbes-ը գրում է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում ամերիկյան կաբելային հեռուստաընկերությունները ընդհանուր առմամբ 48,61 միլիոն բաժանորդ են ունեցել, մինչդեռ Netflix-ի բաժանորդների թիվը նույն ժամանակահատվածում հասել է 50.85 միլիոնի:

Միևնույն ժամանակատվածում արբանյակային հեռուստատեսության բաժանորդների թիվը կազմել է 38 միլիոն:

Ինտերնետով վերահեռարձակվող այլընտրանքային հեռուստատեսային ծառայությունների, օրինակ՝ Sling TV-ի և Direct TV-ի բաժանորդների թիվը ևս շարունակել է աճել, և հիշյալ երկու ծառայությունները միասին ունեն 1.7 միլիոն բաժանորդ:

Technology.com-ի տվյալներով, վճարովի հեռուստատեսային ծառայությունները զբաղեցնում են ամերիկյան հեռուստատեսային լսարանի 73 տոկոսը: Netflix-ը, կաբելային, արբանյակային և ինտերնետային հեռարձակողները միասին ԱՄՆ-ում ունեն 93,319,187 միլիոն բաժանորդ:

Անցյալ տարվա հունվարից Netflix-ը գործում է աշխարհի 130 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ մյուս երկրներում:

Netflix-ը տեսանյութերի օնլայն հեռարձակման ծառայությունը սկսել է 2007 թվականից։

XS
SM
MD
LG