Մատչելիության հղումներ

Թուրքիան նորանոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում, քանի որ նրա հեղինակությունը է'լ ավելի է արատավորվել


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ` մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որում հազիվ հաղթելով՝ Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, արժանացան համընդհանուր քննադատության Միացյալ Նահանգների իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից, ներառյալ Ներկայացուցիչների պալատի՝ ձայների 397-0 հարաբերակցությամբ ընդունած բանաձևը...

Սակայն, Թուրքիայի և նրա բռնապետ նախագահի համար երկրի հեղինակությունն այնքան արատավորված է, որ որքան էլ հանրային կապերի ընկերությունները հզոր և հեղինակավոր լինեն, նրանք միևնույն է չեն կարող վերականգնել Թուրքիայի հեղինակությունը: Թուրք ղեկավարները պարզապես միլիոնավոր դոլարներ են վատնելու իրենց հարկատուների գումարներից, փորձելով լուծել անհնարին մի խնդիր:

Թուրքիայի կառավարությունը տարեկան արդեն հինգ միլիոն դոլար է վճարում տասը լոբբիստական ընկերությունների, դրանք են՝ Gephardt Group - 1 մլն 700 հազ. դոլար, Amsterdam Partners - 600 հազ. դոլար, Greenberg Traurig - 480 հազ. դոլար, Capitol Counsel - 384 հազ. դոլար, Mercury - 240 հազ. դոլար, Madison Group - 240 հազ. դոլար, Signal - 240 հազ. դոլար, Jim Arnold - 240 հազ. դոլար և MediaFix - 108 հազ. դոլար... Բացի այդ, Էրդողանի գործընկերը 2016 թ. սեպտեմբերին 540 հազ. դոլար է վճարել նախագահ Թրամփի վարկաբեկված ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Թ. Ֆլինին՝ Թուրքիայի կառավարության օգտին քարոզչություն անելու համար...

Վերջին ամիսների ընթացքում փորձելով դուրս գալ PR-ի ճահճից՝ Թուրքիայի իշխանությունները և նրա հետ փոխկապակցված խմբերը վարձել են երեք նոր ընկերություններ: Այս շաբաթ կներկայացնենք այդ լոբբիստական ընկերություններից մեկին, մյուս երկուսին թողնելով հաջորդ խմբագրականի համար:

Monte խորհրդատվական խմբին վարձել են 2016 թ. օգոստոսին, 400 հազ. դոլար վարձատրությամբ: Ըստ The Daily Beast-ի, ընկերությունը ղեկավարում է Դուգլաս Բեյքերը՝ հանրապետական Ջեյմս Բեյքերի (նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավար և պետքարտուղար, և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ղեկավար ու գանձապետարանի քարտուղար) որդին: Այդ ընկերությունը պետք է բարելավեր Թուրքիայի հասարակական ընկալումները... Դուգլաս Բեյքերը Monte խորհրդատվական խմբի «միակ և գործող անդամն» է: Պայմանագիրը կնքվել է ստամբուլյան խորհրդավոր հասարակական կազմակերպության կողմից, որը հայտնի է որպես Տնտեսական գիտելիքների ընկերություն (KEA): The Daily Beast-ը հաղորդում է, որ KEA-ի «գործունեությունը երբեմն համապատասխանում է Թուրքիայի կառավարության շահերին»: Ըստ The Daily Beast-ի, ավելի մտահոգիչ է, որ «KEA-ի ղեկավարության առնվազն մեկ անդամ եղել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ»: Ավելին, KEA-ի հիմնադիր և նախկին նախագահ Դավութ Քավրանօղլուն այժմ Էրդողանի գիտական խորհրդականն է, տեղեկացնում է The Daily Beast-ը: Քավրանօղլուն Թվիթերում տեղադրել է Ջեյմս Բեյքերի հետ արված իր լուսանկարը...

The Daily Beast-ը հաղորդում է, որ ըստ Արդարադատության նախարարությունում Monte խորհրդատվական խմբի ներկայացրած գրանցման, այն «զբաղվել է Թրամփի նախագահական ընտրարշավի և նախագահական անցումային թիմի աջակցությամբ» KEA-ի անունից՝ «Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ընդհանուր հարաբերությունները և հասարակական ընկալումները բարելավելու համար»: Monte-ն նաև շփումներ է ունեցել «Օբամայի վարչակարգի հեռացող պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունեցել Պաշտպանության նախարարության անձնակազմի հետ և էլեկտրոնային նամակներ է ուղարկել այն ժամանակվա փոխնախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Քոլին Քալին»:

Ստամբուլցի իրավաբան Իսրաֆիլ Քահրամանը Արդարադատության նախարարություն ներկայացրած հայտում նշված է որպես KEA-ի օրինական ներկայացուցիչ, ըստ The Daily Beast-ի: Իսրաֆիլը հայտարարել է, որ պայմանագրի նպատակն է «զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև գիտական և տնտեսական զարգացման ասպարեզում»: The Daily Beast-ը, մեջբերելով Քահրամանին, նշել է, որ KEA-ն հիմնադրվել է «մի խումբ հարգարժան գիտնականների կողմից՝ քաղաքացիական հասարակության գործունեությունը ղեկավարելու նպատակով, որպեսզի բարձրացվի իրազեկությունը տնտեսության զարգացման մասին Թուրքիայում»: Սա անհեթեթություն է: Ինչո՞ւ պետք է խումբը, որի նպատակն է տնտեսության մասին իրազեկության բարձրացումը Թուրքիայում, լոբբիստական խումբ վարձի Վաշինգտոնում: Սա ավելի շատ նման է թուրքական կառավարության համար ստեղծված մի ծածուկ ներկայացուցչության, քան գիտնականների անկախ խմբի: Կարևոր է պարզել, թե ով է ֆինանսավորում KEA-ն...

Հետաքրքիր է, որ Հետաքննող լրագրողների բյուրոյի հետ կապ հաստատելիս Դուգլաս Բեյքերը նշել է` մտահոգություններ կան, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «մի փոքր վատթարացել են» Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: «Կարող է հնարավորություն լինի կա'մ ամրապնդել այդ հարաբերությունները, կա'մ տեսնել, թե ինչպես է դրանց ավելի մեծ վնաս հասցվում: Եվ դա է պատճառը, որ [KEA-ն] վարձակալել է Monte-ն՝ օգնելու այդ անցումային փուլում»:

Դուգլաս Բեյքերը հավելել է, որ իր ընկերության աշխատանքը KEA-ի համար «երբեք նախատեսված չի եղել ընդհանուր հանրային կապերի քարոզարշավ: Դա մի փոքր ավելի մեծ հնարավորություն է ներկայացնելու նրանց տեսակետը... նրանք զգում են, որ մենք ի վիճակի ենք օգնելու իրենց անհրաժեշտ ծանոթություններով»:

Զարմանալի չէ, որ Թրամփի երդմնակալությունից և KEA-ի ու Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջև «անհրաժեշտ ծանոթություններ» հաստատելուց հետո, KEA-ն չթարմացրեց պայմանագիրը Monte-ի հետ, երբ դրա նախնական վեցամսյա ժամկետը լրացավ 2017 թ. փետրվարին: «Պայմանագրի այս կետով նախատեսված 400 հազ. դոլարից վճարվել է միայն 105 հազ. դոլար», ըստ Հետաքննող լրագրողների բյուրոյի:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG