Մատչելիության հղումներ

Շիրակի նոր մարզպետը առաջնահերթ է համարում աղքատության և արտագաղթի ցուցանիշների նվազեցումը


Շիրակի նորանշանակ դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանին տարածքային կառավարման նախարարը արդեն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին: Դավիթ Լոքյանն անկեղծացավ՝ դժվարությամբ է բաժանվում իր արդեն նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանից:

«Հովսեփ Սիմոնյանի որակները, կարողությունը կուսակցությունը, պետությունը օգտագործելու է այլ տեղում: Դա շուտով ձեզ հայտնի կդառնա», - նշեց Լոքյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Դաշնակցությունը որոշեց ընդամենը մեկ տարի պաշտոնավարած Հովսեփ Սիմոնյանին փոխարինել Արթուր Խաչատրյանով: - «Իսկ Արթուր Խաչատրյանի տեղափոխումը Շիրակի մարզ շատ ավելի կապվում է այն տնտեսական ծրագրերի, այն ռազմավարական խնդիրների հետ, որ մենք ուզում ենք Շիրակում իրականացնել, կապված օտարերկրյա ներդրումների, Եվրամիության համապատասխան օժանդակությունը Շիրակի մարզ բերելու և նաև ծրագրային հենքի վրա Սփյուռքի հնարավորությունները Շիրակ ուղղելու առումով», - հավելեց նախարարը:

Հանրապետականի հետ կոալիցիա կազմած Դաշնակցությունը պարտավորվել է փոխել իրավիճակը աղքատության, գործազրկության, արտագաղթի բարձր ցուցանիշներ ունեցող մարզում: Նախարարին հարցրեցինք՝ արդյոք անձի փոփոխությունը կարող է հանգեցնել մարզում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությանը:

«Անձերի դերակատարությունը միշտ ունի իր ազդեցությունը», - նշեց Դավիթ Լոքյանը՝ միաժամանակ հավելելով․ - «Գիտեք ինչ՝ տնտեսությունը շատ բարդ օրգանիզմ է: Դրա համար հարյուրավոր գործոնների ընդհանրություն է պետք: Չի կարող ասելով բիզնես տեղափոխվել Գյումրի կամ վաղը աշխատատեղ դառնալ»:

Վեց ամիս անց, ինչպես տարածքային կառավարման նախարարը նշեց, Կառավարության համար առաջնահերթ դարձած մարզում փոփոխությունները տեսանելի կլինեն: Նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը ընտանիքով է տեղափոխվելու Գյումրի, արդեն վարձով բնակարան է փնտրում: Ասաց՝ հստակ գիտակցում է, թե ինչ ծանր բեռի տակ է մտնում: Նորանշանակ մարզպետն ասաց՝ գերխնդիր համարում է աղքատության, արտագաղթի ցուցանիշների նվազումը, աշխատատեղերի ստեղծումը:

«Աղքատությունը գալիս է նրանից, որ մարդիկ աշխատանք չունեն: Այսինքն, եթե կարողանաս աշխատանք ստեղծել՝ աղքատությունը կնվազի», - վստահեցրեց Խաչատրյանը: - «Եվ եթե այստեղ լինեն աշխատատեղեր, մարդիկ կարողանան ընտանիքը պահել, ապա գնալու հակվածությունը կընկնի», - հավելեց նա:

Ի դեպ, նորանշանակ մարզպետը շիրակցու փեսա է․ - «Աներս ու զոքանչս ընդունել են ինձ: Հույս ունեմ, որ մարզն էլ կընդունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG