Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է հայկական ռազմական օբյեկտների ոչնչացման մասին լուրերը


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պահպանվում է, կրակոցները չեն դադարում։

Ադրբեջանի զինված ուժերը պնդում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում շփման գծում հայկական երկու ռազմական օբյեկտ են ոչնչացրել։ Հայկական կողմը հերքում է այս լուրերը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր խուսափեց պատասխանել սահմանային իրավիճակի մասին «Ազատության» հարցին, փոխարենը նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ասաց, որ շփման գծում հանդարտ չէ․ - «Շփման գծում կրակոցները շարունակվում են, պարբերաբար շարունակվում է հրադադարի ռեժիմի խախտումը: Կրակում են հրաձգային զենքից, ականանետերից: Կայուն վիճակ է, բայց շատ հանդարտ վիճակ չի»:

Այվազյանի խոսքով, լարվածությունը պահպանվում է հատկապես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում․ - «Ակտիվացումը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Դա կարող է կապված լինել և՛ ներքին խնդիրների հետ, և՛ արտաքին խնդիրների հետ: Տարբեր պատճառներից ելնելով՝ պարբերաբար հակառակորդը հրադադարի խախտման դեպքերը ակտիվացնում է․․․ մեր հասարակության վրա ճնշում գործադրելու նպատակ հետապնդի և այլն»:

Այլ մանրամասներ Այվազյանը չփոխանցեց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այլևս սահմանային իրավիճակի մասին ամենօրյա հաղորդագրություններ չի տարածում, տեղեկությունը տրամադրվում է շաբաթը մեկ։

Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժամեր առաջ հայտարարեց, որ շփման գծում հայկական հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ է ոչնչացրել: Հաղորդագրությանը նաև տեսանյութ է կցված։ Թե ինչն է եղել կրակելու պատճառը, ադրբեջանական կողմը չի պարզաբանում:

Երեկ պաշտոնական Բաքուն նման մեկ այլ տեսանյութ էր տարածել՝ պնդելով, որ դրանում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղում՝ Ֆիզուլիի ուղղությամբ կրակակետ ոչնչացնում։ Այս դեպքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, գործողությունների են դիմել, քանի որ հայկական կողմը այդ կրակակետից գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։

Տեսանյութից երևում է, որ կրակոցը խոշոր տրամաչափի զենքից է արձակվում, Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ղարաբաղի զինված ուժերը կորուստներ ունեն։

Պաշտոնական Ստեփանակերտը երկու օբյեկտների ոչնչացման մասին հայտարարությունները հերքում է և դրանք ապատեղեկատվություն որակում։

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ հայկական կողմի որևէ ռազմական օբյեկտ չի վնասվել․ - «Այս պահին ադրբեջանցիները անցկացնում են զորավարժություններ, և շատ հնարավոր է, զորավարժությունների թիրախները նկարահանում են․․․»

Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 30-ին Ղարաբաղում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը: Այս մասին լրագրողներին ասել էր Հայաստանի զինված ուժերի բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Արծրուն Հովհաննիսյանը չասաց, թե ինչ պայմաններում է վիրավորվել զինծառայողը․ նրա վիճակը կայուն ծանր է, գտնվում է հիվանդանոցում։

Պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը երեկ երեկոյան կրակել է նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու տուն է վնասվել, բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան․ - «Վնասները նյութական են, մարդկային կորուստներ չունենք։ Գիշերն էլ ա հանգիստ անցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG