Մոսկվայում հզոր մրրիկի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ է մահացել, 137 հոգի տուժել է, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի մայրաքաղաքի համապատասխան ծառայությունները:
Զոհերի ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարվի, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսնակը: Փոխհատուցում կստանան նաև վիրավորները:
«Մրրիկը տեղի է ունեցել երեկ ցերեկային ժամերին, այդ պատճառով այսքան շատ մարդ է տուժել», - հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:
30 հազար մարդ Ռուսաստանի երեք մարզերում դեռ մնում է առանց էլեկտրականության, այսօր հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական մարզի արտակարգ իրավիճակների բաժինը:
Երեկ տեղի ունեցած մրրիկը վնասներ է պատճառել Ռուսաստանի կենտրոնական 6 մարզերին՝ Մոսկվայի, Տուլայի, Ռյազանի, Կալուգայի, Տվերի և Վլադիմիրի, հաղորդում են ՏԱՍՍ և «Ինտերֆաքս» գործակալությունները: