Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակել է Մանչեսթրի ահաբեկչությունն իրականացնելու համար կասկածվողի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդի: Ըստ բրիտանական հետախուզության պաշտոնյաների, Աբեդին ծնվել է Մանչեսթրում՝ Լիբիայից ներգաղթած ընտանիքում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրը ամերիկյան անվտանգության մարմիններում:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ կրիտիկական աստիճանին, ինչը նշանակում է, որ նոր հարձակումների վտանգ կա: Այժմ զինվորականներ կտեղակայվեն կարևորագույն օբյեկտները հսկելու համար:
Իրավապահները միանշանակորեն չեն կարողանում պատասխանել հարցին՝ միայնակ է գործել արդյոք Մանչեսթրի ահաբեկչությունն իրականացրած մահապարտը:
Երկուշաբթի օրը Manchester Arena մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հիշեցնենք, զոհվեց 22 մարդ, 59-ը վիրավորվեցին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Երկու ամիս առաջ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի առջև հարձակման հետևանքով 5 մարդ մահացավ, 20-ը վիրավորվեցին:
Մայիսի 22-ին Մանչեսթերում տեղի ունեցած պայթյունն ամենաարյունալին էր Մեծ Բրիտանիայի պատմության մեջ 2005-ի Լոնդոնի ահաբեկչություններից հետո, երբ 52 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Տվյալ թեմայով տե՛ս նաև այստեղ