Մատչելիության հղումներ

Արման Սահակյանը խոստանում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով


Նորընտիր Ազգային ժողովում Շիրակի մարզից ՀՀԿ-ի տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր Արման Սահակյանը, ով օրենսդիր մարմնի «լուռ պատգամավորների» շարքում էր, 4.5 տարվա լռությունը խախտելու է և տեղեկատվական ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու:

«Ազգային ժողովի աշնանային նիստերին մի քանի նախաձեռնություն ունեմ, որ կմտցնեմ: Մասնավորապես՝ IT ոլորտի հետ կապված եկամտահարկի հետ կապված: Որովհետև եթե իրոք ցանկություն կա, որ IT-ն Գյումրիում զարգանա, հարկային որոշակի արտոնություն պետք ա: IT ընկերություններում շատ ծախս չկա, հիմնական ծախսը աշխատավարձն ա, և աշխատավարձի հարկը Գյումրիում և Երևանում, ինձ թվում ա, որ տարբեր լինի, որպեսզի ընկերությունները ավելի ձգտեն գալ Գյումրի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Հարցին, թե արդյոք այլևս «լուռ» պատգամավոր չի լինի, նա արձագանքեց․ - «Շահարկվող թեմա է՝ լուռ, ոչ լուռ․․․ Ես չեմ տեսել երբեք, որ ելույթով ինչ-որ տնտեսական ծրագրեր մտնեն կամ արվեն: Գործ ա, պիտի արվի․ մարդ կա, գոռալով ա անում, մարդ կա՝ առանց գոռալու: Էս վստահությունը, որ ունեմ․․․ Պետական պաշտոնյաները խիստ ավելի լուրջ են վերաբերվում, երբ որ հասկանում են, մարդու հետևը ժողովուրդ կա: Այդ առումով, կարծում եմ, ինչ-որ բաներ կստացվի շատ արագ»:

Իշխող խմբակցության անդամ Սահակյանը նախորդ գումարման Ազգային ժողովում, ըստ խորհրդարանի գործունեությանը հետևող «Պառլամենտ մոնիտորինգ» կայքի, որևէ ելույթ չի ունեցել, որևէ հարց չի տվել: Երեք տարի առաջ ընդամենը մեկ՝ «Ալկոհոլի գովազդի մասին» օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է եղել: 39-ամյա պատգամավորը կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությունների 68 տոկոսին, դեմ՝ 0.77 տոկոսին:

Հինգ տարի առաջ, երբ առաջին անգամ առաջադրվեց, Սահակյանը մարզկենտրոն Գյումրիի զագացման մասին տնտեսագետների հետ համատեղ հաստափոր մի գիրք էր գրել՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ու ներդրումների հոսք ապահովելու խոստումներով:

Այսօր նա խոստովանեց, որ խոստումների իրագործման հարցում հպարտանալու առիթ չունի․ - «Երևի թե շատ հպարտանալու բան չկա՝ բացառությամբ օդանավակայանի քիչ ծավալի աշխատանքը, որ սկսվեց: Բայց էլի, իմ կարծիքով, խայտառակ քիչ ա»:

Պատգամավորը դժգոհեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհ դիրքից, որը ըստ նրա, հնարավորություն չի տալիս լիարժեքորեն օգտագործել «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունները․ - «Ժամանակին, որ օտարել են օդանավակայանը, ամենայն հարգանքով՝ բայց ամեն դեպքում մոնոպոլիա է: Եվ ըստ երևույթին շատ մեծ մոտիվացիա Գյումրիի օդանավակայանը աշխատացնելու չկա: Կարծում եմ, սա այն ուղղությունն է, որի մասին պիտի բոլորը մտահոգվեն և ավելի պահանջատեր լինեն: Որովհետև էսօրվա «Պոբեդա»-ն և, էլի ամենայն հարգանքով՝ «Տարոն ավիան» դեռ խիստ բավարար չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG