Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը


Մայիսի 16-ից հունիսի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները:

«Ucom» և «360° Stories» ընկերությունների նախաձեռնությամբ նկարահանող խումբը այցելել է Մուշ, Վան, Սասուն, Ուրֆա և վավերագրել դեռ կանգուն մնացած պատմամշակութային և բնության հուշարձանները:

«Շուրջ 50 վայր ենք այցելել, իրականացրել ենք տարբեր դիտակետերից բարձր որակի ֆոտո և վիդեո նկարահանումներ, դրոնով նկարահանումներ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «360° Stories» ընկերության համահիմնադիր Վահագն Մոսինյանը, ով անցյալ տարվա հունիս - հուլիս ամիսներին անձամբ է իրականացրել նկարահանումները:

Նկարահանող թիմը 10 օր է անցկացրել Թուրքիայում․ ընտրված պատմամշակութային վայրերն այցելելու համար կտրել են շուրջ 6,000 կիլոմետր ճանապարհ:

«Ճանապարհներին շրջված, այրված բեռնատարներ կային: Այդ տարածքներում քրդերի հետ բախումներ էին», - հիշում է Մոսինյանը: Խոչընդոտներ եղել են՝ հատկապես կապված դրոնով նկարահանումների հետ, բայց դրանց մասին խոսել չի ցանկանում: Փոխարենն, ասում է՝ ցանկություն կա 360° նկարահանել հայկական հուշարձանները նաև Պարսկաստանի և Վրաստանի տարածքում:

Ազգային պատկերասրահում մեկնարկած ցուցահանդեսում ցուցադրված են աշխատանքի որոշ տպագրված օրինակներ, կա նաև հնարավորություն՝ տեղում Google Cardboard-ի օգնությամբ դիտել ամբողջ նյութը՝ շուրջ 50 վայրերից տարբեր 360 աստիճանի ֆոտո և վիդեո դիտակետեր: Պատմական Հայաստանի հուշարձանների բարձրորակ վիրտուալ տուրերը հասանելի են նաև օնլայն՝ http://www.360greatarmenia.am կայքում և 360greatarmenia հավելվածի միջոցով՝ Android և iOS օպերացիոն համակարգերի համար:

XS
SM
MD
LG