Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը ճանաչել է Պերմյակովին ցմահ ազատազրկելու՝ հայաստանյան դատարանի որոշումը


Վալերի Պերմյակովը դատավարության ժամանակ, 18-ը հունվարի, 2016թ․
Վալերի Պերմյակովը դատավարության ժամանակ, 18-ը հունվարի, 2016թ․

Ռուսաստանի Դաշնության դատարանը ճանաչել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ և այդ մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարությանը։

Նման անհրաժեշտություն առաջացել էր, քանի որ հայաստանյան դատարանից բացի Պերմյակովը նաև 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել ռուսաստանյան կայազորային դատարանի կողմից՝ դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար, և առկա էր իրավասությունների երկակիություն, քանի որ ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով 29.08.1997թ. համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների դեպքում նրանց նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը և գործում են ՀՀ իրավասու մարմինները, իսկ նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից կատարված զինվորական հանցագործությունների գործերով կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև կայացել են քննարկումներ՝ Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար:

ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG