Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում Վարդան Ղուկասյանի հնչեցնելիք առաջին հարցը «հոգևոր» ոլորտից է լինելու


Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը ասում է՝ նորընտիր Ազգային ժողովում կոճակ սեղմող օրենսդիրներից չի լինելու: «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ արդեն որոշել է, թե որն է լինելու խորհրդարանում իր բարձրացնելիք առաջին հարցը։

«Կասեմ՝ կիմանաք: Հոգևորի հետ է կապված: Անպայման կհնչեցնեմ», - խոստացավ Աստվածաշնչից մշտապես մեջբերումներ անող Ղուկասյանը:

13 տարին Գյումրին ղեկավարած Ղուկասյանն ասում է՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում առաջնայինը բնակարանային ֆոնդը համալրելն ու աշխատատեղ ստեղծելն է:

«Քաղաքը անգիր գիտեցող մարդկանցից մեկն եմ: Եթե հիմա Սլաբոդկա թաղամասը, որտեղ ես ծնվել-մեծացել եմ և քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվում, ամեն երկրորդ տունը դատարկվում է: Պետք է ազատ տնտեսական գոտի, աշխատատեղերի ստեղծում», - «Ազատության» հետ զրույցում նշեց նախկին քաղաքապետը:

Նորընտիր խորհրդարանում Շիրակի մարզը 6 պատգամավոր կներկայացնի: Նրանցից երեքը «Ծառուկյան» դաշինքից են, երկուսը՝ Հանրապետականից և մեկը՝ Դաշնակցությունից: Գյումրիի նախկին քաղաքապետից բացի պատգամավոր են ընտրվել Շիրակի երկու նախկին մարզպետները՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը և իշխող Հանրապետականի տարածքային ցուցակում ընդգրկված Ֆելիքս Ցոլակյանը:

Անկախ այն հանգամանքից, որ Շիրակից ընտրված պատգամավորները տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում, Վարդան Ղուկասյանը խնդիրների շուրջ համախմբվելու կողմնակից է: Ասում է՝ պետք է մարզերը Վրաստանի օրինակով զարգացնել՝ չկենտրոնանալով միայն մայրաքաղաքի վրա և զարկ տալով տուրիզմին: Նախկին քաղաքապետը առաջարկում է, օրինակ, երևանյան համալսարաններից մեկը տեղափոխել Գյումրի:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ներկայացնող Ռոմիկ Մանուկյանը, ով Շիրակի մարզպետ եղած տարիներին Գյումրիի նախկին քաղաքապետի հետ լարված հարաբերություններ ուներ, ասում է՝ մարզին առնչվող հարցերի շուրջ Վարդան Ղուկասյանի հետ համագործակցելու հարցում խոչընդոտ չի տեսնում:

«Մենք անձնական խնդիր չենք ունեցել, աշխատանքային խնդիրներ էին», - հիշեցնում է նախկին մարզպետը՝ շարունակելով․ - «Այստեղ՝ Ազգային ժողովում, ամեն ֆրակցիա, ամեն պատգամավոր իր տեսակետն ունի, իսկ եթե հարցեր կան, որ տեսակետները համընկնում են՝ խնդիր չեմ տեսնում համագործակցելու»:

Ռոմիկ Մանուկյանը ևս պնդում է, որ մարզի խնդիրներին ծանոթ է, սակայն ծրագրում է կրկին շրջել գյուղերով, որ ընտրողն իրեն մոռացված չզգա: Ասում է՝ իշխանության մաս լինելը չի կաշկանդի, որ պաշտոնական տվյալներով 46 տոկոս աղքատություն ունեցող մարզի լրջագույն խնդիրները բարձրաձայնի․ - «Ես միշտ ունեցել եմ իմ տեսակետը, շատ դեպքերում նաև իմ տեսակետը համահունչ չի եղել իշխանության տեսակետին: Բայց, նաև լինելով կուսակցական, բնական է՝ պետք է կատարեմ նաև կուսակցության որոշումները»:

Անկուսակցական, Հանրապետականի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված մյուս նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս հնարավոր է համարում Ռոմիկ Մանուկյանի և Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությունը մարզի խնդիրների շուրջ: Քանի դեռ նորընտիր խորհրդարանը չի սկսել իր գործունեությունը, Ցոլակյանը նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնն է զբաղեցնում: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք այս պաշտոնը և իշխող Հանրապետական խմբակցության անդամ լինելը չի ստիպի, որ Ցոլակյանը համալրի «լուռ պատգամավորների» շարքը և խորհրդարանական ամբիոնից չի բարձրաձայնի Շիրակի մարզի խնդիրները, նախկին մարզպետը պատասխանեց․ - «Ինչո՞ւ պիտի կաշկանդվեմ: Չէ: Ելույթ անելով ակտիվություն չեն անում: Հարյուր անգամ կարող է մեկը մոտենալ ամբիոնին: Հետո՞: Դա ակտի՞վ է: Ես չեմ պատկերացնում: Կուլիսներում ավելի շատ աշխատանք կա անելու, քան ամբիոնի մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG