Մատչելիության հղումներ

Կոալիցիայում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) քաղաքական կոալիցիա կազմելու մասին հուշագրի ստորագրումից հետո դեռ պարզ չէ, թե կուսակցությունների միջև գործադիրի պաշտոններն ինչպես են բաշխվելու, և արդյոք Դաշնակցությունը կպահպանի իր ունեցած նախարարական պորտֆելները։ Երեկ երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ այս մասին որոշում կկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում։

«Ասեմ, որ կուսակցության գործադիր մարմինը նաև անդրադարձ է կատարել ապագա Ազգային ժողովի պաշտոններին, և մենք որոշել ենք այդ հարցը վերջնականապես քննարկել և ձեր դատին ներկայացնել մայիսի 17-ին երեկոյան, երբ մենք այդ հարցը կքննարկենք սկզբում գործադիր մարմնի, իսկ այնուհետև՝ խորհրդի նիստերում», - ասաց Շարմազանովը:

Դաշնակցության կողմից կոալիցիոն հուշագիրը ստորագրած՝ կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով, շատ են խոսակցություններն այն մասին, թե գործադիրում Դաշնակցության ներկայությունը պետք է ավելի մեծ լինի, քանի որ այս խորհրդարանական ընտրություններին նախորդի համեմատ կուսակցությունը ավելի շատ ձայն է ստացել, մանդատների թիվն էլ՝ ավելացրել։ Վարդանյանը, սակայն, նկատում է՝ հստակ հաշվարկներ կան։

«Բնական է, Դաշնակցության առավել ներկայությունը կառավարությունում, ես կարծում եմ, միայն կնպաստի այն աշխատանքների որակական փոփոխություններին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել մեր երկրում: Բայց կա ռեալ, պրագմատիկ հաշվարկ, կա իրականություն, որը․․․ Գիտե՞ք, այս ամբողջ ընթացքում տարբեր լրատվամիջոցներ, ոմանք՝ ուղղորդված, ոմանք՝ հետևելով, ազդեցության տակ ընկնելով, անընդհատ փորձում էին այս հարցը դարձնել քննարկման առարկա, բայց կրկնում ենք, երրորդում ենք, տասնապատկում ենք՝ մեզ համար այստեղ խնդիրը թիվը չի նախարարների կամ մարզպետների, մեզ համար այստեղ առաջնահերթը ձևակերպված խնդիրներն են, նպատակներն են և ուղղություններն են», - հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Աղվան Վարդանյանը համաձայն չէ ընդդիմախոսների քննադատությանը, թե Դաշնակցությունը չպետք է իշխանությունը կիսեր մի ուժի հետ, որի ուսերին է արտագաղթի ու աղքատության մեծացումը։ Աչք ու ականջ ունեցողը և՛ կտեսնի, և՛ կլսի, որ որոշ քայլեր արվում են, ասում է նա։

«Մեղադրել որևէ մեկ քաղաքական ուժի բոլոր մեղքերի մեջ՝ դա կլինի Դաշնակցությունը, դա կլինի Հանրապետականը թե մյուս քաղաքական ուժերը, ում կուզեք՝ ասեք, ես կտրուկ համաձայն չեմ: Հանրապետական կուսակցությունը մեկ անձ չի, կամ շատ սերտ մի ամբողջություն չի՝ այնտեղ էլ կան մարդիկ, որոնք իսկապես սրտացավ են, ազգային մտածողություն ունեն, շատ-շատ են այդպիսի մարդիկ, մենք ունենք նաև գաղափարական որոշակի ընդհանրություններ էս նույն հարցերում: Ես, ընդհակառակը, կողմնակից եմ, որ բոլոր՝ և՛ տեսլական ունեցող, երազանք ունեցող, երկրում արմատական փոփոխություն անելու ցանկություն, կամք, վճռականություն ունեցող ուժերը տեսնեն աշխատելո՛ւ կամք, ցանկություն, ձգտում, լավատեսության որոշակի հիմքեր ստեղծեն, ոչ թե միայն քննադատեն, սևացնեն, և որևէ արդյունք չունենանք», - ասաց նա:

Աղվան Վարդանյանը, ի դեպ, ստորագրման ժամանակ իբրև նախորդ համաձայնագրի և այս հուշագրի միջև էական տարբերություն նշել էր վարչապետի փոփոխությունը: «Տարբեր վարչապետներ էին ներկա, սա, ես կարծում եմ, շատ էական է», - ասել էր նա:

«Այդ իմ արտահայտությունը ևս տարբեր մեկնաբանությունների պատճառ դարձավ, աչքովս ընկավ այսօր տարբեր լրատվամիջոցներում, որ Վարդանյանը ոչ միայն ստորագրեց, այլև սպառնաց․․․ Ով ինչ ուզում՝ կարող է ասել: Ես, այո, այդ էական տարբերությունը արձանագրել եմ, այդ մասին խոսեցի արդեն, նկատի ունենալով երկու՝ նախկին և այս վարչապետների տարբերությունը, նկատի ունենալով պարոն Կարեն Կարապետյանի էներգիան, վճռականությունը, աշխատելու ձգտումը, որակական փոփոխություն անելու կարողությունը․ սա է էական տարբերությունը», - ընդգծեց Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչը:

Կոալիցիոն հուշագրի համաձայն երկու կուսակցությունները կգործակցեն մինչև 2022 թվականը։ «Ազատության» հարցին՝ արդյոք քաղաքական ուժերը քննարկել են 2018-ի սցենարը, երբ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ից դուրս կգա, Վարդանյանն արձագանքեց, թե վաղ է այդ մասին խոսել։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իրենք մինչ այդ մի քանի կարևոր խնդիրների շուրջ դեռ պետք է աշխատեն․ - «Առաջինը՝ ազգային մեր անվտանգությունը, որը ոչ միայն Հայաստանի, այլև ձևակերպված է հուշագրում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի ընդհանո՛ւր անվտանգությունը՝ բառը հիշեք, երկրորդը՝ մեր տնտեսությունը իսկապես կարգի բերելու՝ դա մենաշնորհներն են, դա կոռուպցիան է, դա ներդրումներն են, այսինքն՝ այնպիսի փոփոխություններ տնտեսության մեջ և արդյունավետ կառավարում, որ հասարակությունը զգա դրա արդյունքները՝ դանդաղ, բայց գոնե ծիլերը զգա, և երրորդ՝ որ մենք մեր երկրում կարողանանք իսկապես փոխենք հարաբերությունների մակարդակը, որակը, աստիճանը, նոր որակի իշխանություն ձևավորենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG