Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը խոստանում է լուծել նաև նախորդ ընտրություններում խոստացած ու չլուծած խնդիրները


«Հանուն Երևանի» կարգախոսով Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ու ավագանու անդամները այսօր ընտրողների հետ հանդիպումներ էին անցկացնում Ջրվեժում և Նոր Նորքում:

Հանդիպումների մեկնարկին ավագանու անդամի թեկնածու Գրիգոր Մինասյանը ասում էր, թե սա «Անին կամ Մասիսը հետ բերելու», ինչպես նաև «տանիքներ մագլցելու» ընտրություն չէ, իրենք «շոուներ չեն անում, այլ գործում են», և քաղաքացիներին կոչ էր անում քվեարկել իրենց օգտին․ - «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել: Նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել և հետաքրքիր շոուներ կազմակերպել»:

Մինասյանը շեշտեց, որ «ամենաչարալեզու» ընդդիմախոսներն անգամ չեն կարողանում հերքել, որ մայրաքաղաքում բազմաթիվ բարեփոխումներ են տեղի ունենում, և Երևանի զարգանում է:

Տարոն Մարգարյանը իր ելույթում հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին իրենք մասնակցում էին «Ավելի լավ Երևան» կարգախոսով՝ հայտարարելով, թե ավելի լավ Երևան արդեն ունենք՝ ընդունելով, սակայն, որ բազմաթիվ խնդիրներ դեռ լուծված չեն: Հավելեց, որ հնգամյա զարգացման ծրագրում այդ բոլոր խնդիրները կստանան լուծում:

«Մենք հստակ գիտենք մեր քաղաքացու պահանջը և մենք պատրաստ ենք այդ ամենը շարունակելու և այդ ամենը, այդ ծրագրերը կյանքի կոչելու», - հայտարարեց նա:

Բնակիչները Մարգարյանին հիմնականում անձնական խնդրանքներով էին մոտենում: Ջրվեժում բնակվող մի կին գումար խնդրեց քաղաքապետից․ ի պատասխան Մարգարյանը ծիծաղեց՝ ասելով, թե լրագրողների ներկայությամբ իրեն պետք չէ նման խնդրանքով մոտենալ:

«Ազատությունն» այսօր ահազանգ էր ստացել, թե փոստատարները թոշակ բաժանելու փոխարեն բաժանում են Տարոն Մարգարյանի նախընտրական թերթիկները:

Այս, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի` 15 հազարական դրամ ընտրակաշառք չվերցնելու փոխհատուցման առաջարկի մասին հարցերին Տարոն Մարգարյանը նախընտրեց չպատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG