Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
Թեև այս կաշառակերությունը շարունակվում է փակ դռների հետևում և չի բացահայտվում ո՛չ ադրբեջանցի պաշտոնյաների, ո՛չ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, սակայն ժամանակ առ ժամանակ այն ջրի երես է դուրս գալիս: Մենք բոլորս պետք է հիշենք, որ այն, ինչ բացահայտվել է, միայն չնչին մասն է այն մեծամասշտաբ կաշառքների, որ տրվել են Բաքվի այցելուներին, տարբեր երկրների պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Վերջերս Եվրախորհրդում մեծ սկանդալային բացահայտում արվեց միլիոնավոր դոլարների կանխիկ գումարի վերաբերյալ, որը տրվել էր նրա որոշ անդամների՝ Ադրբեջանին քննադատող որոշումները տապալելու կամ Արցախի վերաբերյալ աննպաստ զեկույցներին աջակցելու դիմաց:
Արդյունքում, աշխարհի խոշորագույն հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է արել Եվրոպայի խորհրդին հետաքննել կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը ևս մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդի որոշումների վրա անհարկի ազդելու համար՝ հիմնական խորհրդարանականներին խոշոր գումարներ և այլ ծառայություններ մատուցելու միջոցով: «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով) 2013 թվականի քվեարկությունը, երբ մերժվել էր խիստ քննադատական զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների և այդ երկրի պատվիրակության անդամների դերակատարության վերաբերյալ:
2017-ի ապրիլի 20-ին «Գարդիան» պարբերականը ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին» վերնագրով: ԵԽԽՎ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «Գարդիան»-ին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել հօգուտ այդ երկրի քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, ներառյալ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի, 324 խորհրդարանականներից:
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրյոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար: Նա մեկն է այն 64 խորհրդարանականներից, որոնք բանաձև են ստորագրել՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել «ծանր հանցանքի մասին լուրջ և վստահելի պնդումների վերաբերյալ»՝ կենտրոնացված ադրբեջանական քվեարկության վրա», - հաղորդում է «Գարդիան»-ը:
«Այդ պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012-ին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, բայց թափ առան այն ժամանակ, երբ Իտալիայի դատախազները հետաքննություն սկսեցին աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.39 միլիոն եվրո [2.6 միլիոն դոլար] կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում նրա կառավարությանը աջակցելու դիմաց: Նա կկանգնի դատարանի առաջ փողերի լվացման համար, իսկ Միլանի դատախազը բողոքարկում է՝ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով նրա դեմ: Նա միշտ հերքել է ցանկացած իրավախախտում», գրում է «Գարդիան»-ը:
Նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն է հայտնվել ծանր կացության մեջ, քանի որ հրաժարվել է հետաքննություն սկսել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Նրա վերջին ուղևորությունը դեպի Սիրիա ավելացրել է ԵԽԽՎ անդամների թիվը, որոնք պահանջել են նրա հրաժարականը: Քանի որ ըստ կանոնակարգի Ագրամունտը չի կարող հեռացվել, ԵԽԽՎ բյուրոն անցյալ շաբաթ նրան անվստահություն է հայտնել՝ որոշում ընդունելով, որ նա լիազորված չէ կատարել որևէ պաշտոնական այց, հաճախել հանդիպումների կամ որևէ հրապարակային հայտարարություն անել Վեհաժողովի անունից որպես նախագահ: Սպասվում է, որ նա շուտով հրաժարական կտա:
Բացի այդ, Եվրախորհուրդը հետաքննություն է սկսել 2015-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության վերաբերյալ՝ առաջին անգամ անդամ պետության նման հարցաքննում վերջին 25 տարիների ընթացքում...
Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի մարմին, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, զոհ է գնում Ադրբեջանի դիկտատորի կաշառակերության սխեմաներին: Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքները: Անընդունելի է, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամները գնացել էին այնտեղ որպես դիտորդներ, նրանք զարմանալիորեն շատ դրական զեկույցներով էին հանդես եկել, մինչդեռ մնացած միջազգային դիտորդները շատ բացասական գնահատականներ էին տվել: Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հաջողվել էր կաշառել ԵԽԽՎ դիտորդներին՝ քողարկելու կոռումպացված ընտրությունները:
«Գարդիան»-ը եզրակացնում է, որ «Ադրբեջանը օգտագործել է Վեհաժողովը [ԵԽԽՎ] իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, որը ղեկավարում է երկիրը 2003 թվականից սկսած»:
Ադրբեջանի կողմից կաշառման հետ կապված չարաշահումների անտեսումը կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Facebook Forum