Այսօր «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է մայիսի 3-ին ծնված հնգյակ երեխաներից ևս մեկը։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն «Ազատությանը» փոխանցեց, որ մահացածը հնգյակի ամենափոքր՝ 600 գրամ քաշով ծնված աղջիկն է։
Նշենք, որ 840 գրամ քաշով աղջիկներից մեկը մահացել էր երեկ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Հիշեցնեն, «Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ին լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա։
Փոքրիկները ծնվել էին 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել էին «Մուրացան» բժշկական համալիր, նորածիններից մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ, իսկ փոքրիկներից մեկը մնացել էր «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նորածինների առողջական վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։
Փոքրիկների ծնողները Մեծամորից են, ապրում են վարձակալած բնակարանում։ Կառավարությունն արդեն խոստացել է նրանց 7.5 միլիոն դրամ հատկացնել, իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը 4-սենյականոց բնակարան` Երևանում։