Մատչելիության հղումներ

Եվրադատարանը բավարարեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հայցերից մեկն ընդդեմ Հայաստանի Հանրապետության


ԳԱԼԱ հեռուստաընկերության բողոքի հիման վրա հրապարակած վճռով որոշել է, որ Հայաստանի ներպետական ատյաններում խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ չի ապահովվել արդար դատաքննության իրավունքը:

ԳԱԼԱ հեռուստաընկերության շահերի պաշտպան Կարեն Թումանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Եվրադատարանի որոշումը հնարավորություն է տալիս Հայաստանի դատական իշխանությանը վերացնելու խախտումը: Պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, որպիսի գործը բեկանվի և կրկին առաջին ատյան ուղարկվի նոր քննության:

«Ես կարծում եմ, որ սա շատ լավ որոշում է, արդար դատաքննության իրավունքի ոլորտի նախադեպ է», - նշեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը դատարանում վիճարկեց հարկային մարմնի կողմից ստուգումների արդյունքում կազմված շուրջ 26 մլն դրամի ակտի օրինականությունը: Եվրադատարանը չի քննարկել նյութական վնասի փոխհատուցման հարցը:

«Ես կարող եմ ենթադրություններ անել, որ չի քննարկել, քանի որ գործը նորից պետք է քննարկվի և դրա շրջանակներում կարող է քննվել», - մեկնաբանեց Կարեն Թումանյանը:

Ստրասբուրգյան դատարանը գտել է, որ որպես բարոյական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում Հայաստանի կառավարությունը պետք է ընդհանուր առմամբ 3,900 եվրո փոխհատուցում տրամադրի հայցվոր կողմին:

«Բարոյական վնասի փոխհատուցում է տրվել սիմվոլիկ գումար՝ 2,400 եվրո, և 1,500 եվրոյի չափով՝ դատական ծախսերի մասով», - մանրամասնեց փաստաբանը:

Կարեն Թումանյանի կարծիքով՝ Եվրոպական դատարանի յուրաքանչյուր վճիռ ոչ միայն դիմումատուի, այլ նաև Հայաստանի դատական համակարգի օգտին է՝ «այնքանով, որ իրավունքը զարգանում է, իսկ Հայաստանում իրավունքը որքան զարգացավ՝ այնքան պետությունը կարող է առաջ գնալ իր բոլոր կոմպոնենտներով»:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հարկային ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2007 թվականին եթեր հեռարձակվեց քաղաքականություն վերադարձած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG