Մատչելիության հղումներ

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը վերադարձել է ԱՄՆ-ից բրոնզե մեդալով


Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը հաղթանակով է վերադառնում ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացվող հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից, տեղեկացնում է դպրոցի պաշտոնական կայքէջը:

ՌԱՄ 2017-ին ներկայացված է եղել ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ: Այս անգամ հայկական թիմը տուն է վերադարձել բրոնզե մեդալով՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՌԱՄ 2016-ին «Այբ» դպրոցի թիմը արժանացավ գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին և արծաթե մեդալի` «սումո ռոբոտ» անվանակարգում:

«Նախորդ տարվա համեմատ՝ մրցույթին մասնակցող թիմերն ահագին զարգացում էին ապրել. բոլորն ավելի պատրաստված էին, ռոբոտներն էլ՝ ավելի կատարելագործված»,- ասում է ռոբոտաշինության խմբի առաջնորդ Սիմոն Զոհրաբյանը:

«Մենք ստեղծել էինք ռոբոտ, որի առաջադրանքն էր ոչնչացնել հակառակորդին: Եվ մեր ռոբոտը հեշտությամբ էր կատարում իր առաքելությունն ու վնասազերծում մյուսներին»,- պատմում է «Այբ»-ի ռոբոտաշինության խմբի անդամ Արեգ Կարապետյանը: - «Բայց ցավոք, ուշ պարզեցինք, որ մրցավարները միավորները հաշվում էին հարվածների քանակով, ոչ թե հակառակորդի վնասազերծմամբ: Այդ է պատճառը, որ արծաթ կամ ոսկի չշահեցինք», - հավելում է նա:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թ.-ից և հասցրել է տպավորիչ հաղթանակներ տանել մի շարք մրցույթներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը:

XS
SM
MD
LG