Օրեր առաջ Cloudflare ընկերության կայքէջում գրառում էր արվել այն մասին, որ Ucom ընկերության նախաձեռնությամբ տվյալների նոր շտեմարան է տեղակայվել Երևանում, և այդ գործընթացը շարունակական բնույթ կկրի աշխարհի հինգ մայրցամաքների համար: Հայաստանի մայրաքաղաքում տվյալների շտեմարանի տեղակայումը Ասիայում 37-րդն էր, իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 103-րդը:
Cloudflare-ի տվյալների շտեմարանի տեղակայումը Հայաստանում տեղի է ունեցել Ucom ընկերության նախաձեռնությամբ:
«Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, որ երկարատև բանակցություններից հետո կարողացել է հասնել հաջողության ու ներդնել այս տվյալների շտեմարանը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան հետխորհրդային տիրույթում առկա էր միայն Մոսկվայում», - լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ընդգծելով Ucom ընկերության տեխնիկական հագեցվածության և անձնակազմի պատրաստվածության բարձր աստիճանը, ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը նշել է. - «Ucom ընկերությունն Cloudflare-ի կողմից ընտրվել է որպես խոշորագույն տարածաշրջանային կապուղիների օպերատոր և դրա շնորհիվ է, որ այս գործակցությունը կայացել է»:
Cloudflare-ը կայքերի պաշտպանության ու քեշավորման համաշխարհային համակարգ է: Cloudflare-ի այս վերջին տեղակայումը համացանցի ավելի քան 6 միլիոն աղբյուրները կդարձնի ավելի արագ հասանելի և ավելի ապահով՝ Հայաստանի ուղղությամբ տրաֆիկի սպասարկման ընթացքում:
Մասնավորապես՝ Հայաստանում Ucom-ի ծառայություններից օգտվող ինտերնետ-օգտատերերի համար Cloudflare-ի նոր շտեմարանի շնորհիվ սպասման ժամանակը (մվ) նվազել է 6 անգամ: «.am» դոմենային տիրույթի 768 հայկական կայքեր արդեն կցված են այս համակարգին, ինչն ապահովում է դրանց հասանելիության արագությունն ու անվտանգությունը: