«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ն ուրախ են տեղեկացնել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտագրման գործընթացն արդեն սկսվել է: Բոլոր հետաքրքրված ստարտափները Հայաստանից և արտերկրից կարող են ներկայացնել իրենց հայտերը ապրիլի 1-ից:
«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը տեղի է ունենալու հուլիսի 24-ից 31-ը Սևանա լճի ափին: Սամմիթին դիմած ստարտափներից մասնակցության համար ընտրվելու են լավագույն 70-ը, որոնք էլ կտարբերակվեն 3 մակարդակներով (Seed stage, Early stage, Business stage): Բացի ընտրված 70 ստարտափներից սամմիթին մասնակցելու են նաև 30 ծրագրավորողների թիմեր: Միջոցառման շուրջ 1000 մասնակիցների թվում են ներդրողներ, մենթորներ, բիզնես թրեյներներ, աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, լրագրողներ:
Սամմիթի կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը նշեց. - «Հաշվի առնելով նախորդ տարվա մասնակիցների ակտիվությունը, արդյունքներն ու արձագանքը այս տարի ակնկալում ենք մեծ քանակությամբ դիմումներ: Մենք ներգրավել ենք մասնագետների լուրջ թիմ, որոնք աշխատելու են հայտագրված ստարտափ թիմերի հետ, գնահատելու են նրանց կենսունակությունը և ուղղորդելու են նրանց»:
«Սևան Ստարտափ Սամմիթը» նոր ձևաչափի ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակ է, որը նպատակ ունի աջակցել ստարտափ թիմերին ներկայացնել իրենց գաղափարները, ընդլայնել կապերի շրջանակը, ձեռք բերել նոր գիտելիքներ: Հայտերը լրացնելու համար այցելեք www.sss.am: Սամմիթին հայտագրումը և մասնակցությունը անվճար է: