Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանին վարչապետ մնալու համար ծանր պայքար է սպասում. քաղաքական մեկնաբան


Թեպետ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) միանձնյա մեծամասնության հնարավորությունը ստացել է և չունի անմիջապես կայուն մեծամասնություն ձևավորելու խնդիր, այդուհանդերձ, դատելով Հանրապետականի և Դաշնակցության (ՀՅԴ) հայտարարություններից, օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր կա: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ նշելով, որ Դաշնակցությանը որպես աջակից ունենալը Սերժ Սարգսյանի համար ամենևին էլ ավելորդ չէ։

«Այդուհանդերձ, քաղաքական պրոցեսը Հայաստանում իհարկե շարունակվելու է՝ իշխանության ձևավորման և 2018 թվականի խնդիրը կա։ Այստեղ գործոնները և բևեռները տարբեր են, և Դաշնակցությանը որպես աջակից ունենալը Սերժ Սարգսյանի համար ամենևին էլ ավելորդ չէ՝ հատկապես եթե հաշվի առնենք այն, որ Դաշնակցությունը թեպետ տոկոսային առումով բավականին քիչ տոկոս հավաքած ուժ է, այդուհանդերձ, կառուցվածքային առումով, որպես քաղաքական համակարգ, որպես քաղաքական միավոր, Դաշնակցությունը թերևս ամենակենսունակն է, որտեղ կառույցի համակարգի դերն է ավելի մեծ, քան անձերի, սա իսկապես կարևոր և թանկ ռեսուրս է», - ասաց Բադալյանը:

Դաշնակցությունը, ըստ վերլուծաբանի, կարող է մեծ աջակցություն լինել իշխանությանը։ «Դաշնակցությունը գաղափարախոսական համակիրների բանակով բավական համահունչ և ներդաշնակ է անվտանգության այն խնդիրներին, որ ունի Հայաստանը ներկայումս, և այդ առումով էլ Դաշնակցությունը կարող է մեծ աջակցություն լինել իշխանությանը, նաև Դաշնակցության Սփյուռքի ռեսուրսի առումով՝ այստեղ կա շատ մեծ և գնահատելի ռեսուրս։ Սերժ Սարգսյանն ինքը, որպես առանձին քաղաքական գործոն, այդպես էլ չկարողացավ Սփյուռքում գտնել հենարանը, որը կձևավորեր Սփյուռքի իր ռեսուրսը, Սփյուռքի իր հենքը, այսպես ասած», - ընդգծեց վերլուծաբանը՝ շարունակելով. - «Միևնույն ժամանակ, մենք հիմա տեսնում ենք մի շատ հետաքրքիր միտում, երբ Ռուսաստանի Սփյուռքը, ի դեմս խոշոր կապիտալ կրողների Ռուսաստանում՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, իր աջակցությունն է հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանին, և այդ աջակցությունը ենթադրում է իշխանության համար պայքար 2018-ի կոնտեքստում, և այստեղ ևս Սերժ Սարգսյանը ունի այդ ռեսուրսին հակակշռելու խնդիր, և Դաշնակցությունը, կարծում եմ, որ կարող է նաև այդ առումով լինել հակակշիռ՝ անհրաժեշտ իր աջակցությամբ»։

«Ազատության» հարցին, թե ո՞րն է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի հետագա դերակատարումը, Բադալյանը պատասխանեց. - «Այստեղ իրավիճակն իսկապես բավական անորոշ է, և շատ բան կախված է, օրինակ, նրանից, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ է պատկերացնում Կարեն Կարապետյանի մասով, տեսնո՞ւմ է արդյոք նրան վարչապետ, ստիպվա՞ծ է լինելու նրան տեսնել վարչապետ, թե՞ իր ծրագրերում որևէ կերպ դիտարկում է։ Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանին վարչապետ մնալու համար բավական ծանր և բարդ պայքար է սպասվում համակարգի ներսում, այդ թվում՝ նաև այն մարդկանց, այն սեգմենտի հետ, որը գործնականում ապահովել է Հանրապետականի ձայները այս ընտրությանը՝ խոսքս ռեյտինգային թեկնածուների մասին է, որոնց մեջ գերակշիռ մեծամասնությունը կազմում են այսպես ասած օդիոզ կերպարները կամ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները։ Եվ այդ մարդիկ, ձայն բերելով Հանրապետականին, բնականաբար, պայքարելու են նաև իրենց տեղի, դիրքերի համար, և այստեղ ակնհայտ շահերի բախում է առաջանալու, համենայն դեպս՝ այն կարգախոսների հետ, որոնցով հանդես է գալիս Կարեն Կարապետյանը՝ դա համակարգային բարեփոխումներն են, իսկ այդ մարդիկ հենց այն համակարգն են, որը պետք է բարեփոխել, և այստեղ իսկապես բավականին երկար և տևական մրցակցության դաշտ է բացվում, որը բավական դինամիկ կզարգանա երևի առաջիկա տարվա ընթացքում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG