Մատչելիության հղումներ

Pac-Maps Երևանի Ազատության հրապարակում և Google-ի մյուս ապրիլմեկյան կատակները


Տարիներ շարունակ Google ինտերնետային հսկան աչքի է ընկել ապրիլմեկյան կատակներին ամենայն լրջությամբ պատրաստվելու իր ավանդույթով: Այս տարի էլ Google-ը չի հիասթափեցնում:

Pac-Maps

Այս անգամ Google-ը մասնակիորեն վերակենդանացրել է տասնամյակներ առաջ տարածված և սիրված Pac-Man խաղը՝ օգտագործողներին հնարավորություն ընձեռելով խաղալ այն աշխարհի ցանկացած կետում: «Ազատությունը» փորձարկեց այն Երևանի Ազատության հրապարակում: Բարեբախտաբար՝ քաղաքապետարանին այս միջոցառման մասին իրազեկելու կարիք չառաջացավ` Pac-Man-ի և նրան հետապնդողների թիվը 100-ից չէր անցնում:

Google Wind

Հաջորդ կատակը վերաբերում էր եղանակը կառավարելու փորձերին: Տեսանյությում Google-ի ինժեներները պատմում են, որ «Հոլանդիայում տարեկան 145 օր անձրևում է», և այդ խնդիրը լուծելու համար գործի է դրվել արհեստական բանականությունը, Google Cloud (Google ամպ՝ բառախաղ է) հարթակը և Նիդերլանդների հողմաղացները: Նախնական արդյունքները տպավորիչ են: - «Ապրիլի 1-ից սկսած մենք կարող են երաշխավորել պայծառ երկինք՝ բոլորի համար», - եզրակացնում են տեսահոլովակի հերոսները։

Google Puchi Puchi. տվյալների մուտքագրման նոր համակարգ

Google-ի ճապոնական ստորաբաժանման աշխատակիցները սիրում են պոլիէթիլենային պղպջակավոր փաթեթանյութը, որը օգտագործվում է էլեկտրոնային սարքերը հարվածից պաշտպանելու համար: Դրանք պայթեցնելու հաճելի զգացողությունը նրանց նոր գաղափար է հուշել՝ ստեղծել տվյալների մուտքագրման նոր համակարգ, որի իմաստն է պայթեցրած և ամբողջական պղպջակների շարքը կարդալով տվյալներ մուտքագրել համակարգիչ:

Google Թզուկ

Google Home տնային օգնական սարքի հաջողությունից ոգևորված՝ ինտերնետային հսկան առաջարկում է նոր սարք՝ Google Թզուկ, որը կապրի Ձեր տան ետնաբակում:

Google Play ընտանի կենդանիների համար

Տանը՝ առանց տիրոջ մենակ մնացող կենդանիների ճակատագրով մտահոգվել են Google Play ծառայության աշխատակիցները և ստեղծել նոր բաժանմունք Android համակարգով նախատեսված սարքերի ծրագրային հավելվածների խանութում: Հատուկ շների համար հավելվածները ներկայացվում են սև-սպիտակ գույներով:

Google Cloud հարթակը հասանելի կլինի նաև Մարսում

Մարս մոլորակի անխուսափելի գաղութացմանն ընդառաջ՝ Google ընկերությունը իր Cloud (ամպային) ծառայությունները հասանելի է դարձնում նաև այստեղ: Ընկերությունը հայտարարում է առաջին միջմոլորակային տվյալների կենտրոնի բացումը այս մոլորակում և անգամ առաջարկում Google Street View-ի միջոցով այցելել և տեղում համոզվել:

Բջջային աքսեսուարներ՝ Քրոմբուքի համար

Google-ը ներկայացնում է բջջային աքսեսուարներ քրոմբուքների՝ Chrome օպերացիոն համակարգով դյուրակիր համակարգիչների համար: Դրանցից առավել հետաքրքիր են Selfie ձողիկի Groopie տարատեսակը և 3D վիրտուալ իրականությունից օգտվելու համար Google-ի նախագծած Cardboard-ի մի քանի անգամ մեծացված տարբերակը՝ Chromebook Cardboard-ը:

XS
SM
MD
LG