Մատչելիության հղումներ

Ընտրություններին ընդառաջ «Թվիթերի» հայկական սեգմենտի մի շարք առանցքային օգտատերեր ժամանակավորապես արգելափակվել են


Ազգային ժողովի ընտրություններից մեկ օր առաջ շուրջ չորս ժամով արգելափակվել էին «Թիվթեր» միկրոբլոգային հարթակի հայկական սեգմենտի մի շարք առանցքային օգտատերեր:

Փակվել էին, մասնավորապես, «Հետք» պարբերականի, «Սիվիլնեթ» TV-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի և «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի հաշվեհամարները: Կեսգիշերին մոտ դրանք վերականգնվեցին:

«Ընտրությունների ամենաթեժ պրոցեսում թվիթերյան հաշվից զրկվելն անսովոր է ու անդուր: Ես քվեարկության օրը ու հետընտրական պրոցեսների ժամանակ ակտիվ օգտագործում եմ Թվիթերը տեղեկատվություն փոխանցելու ու քննարկումների համար», - «Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում նշել է Գեղամ Վարդանյանը: - «Բարեբախտաբար ընկերների օգնությամբ, խորհուրդներով ու աջակցությամբ հնարավոր եղավ ապաարգելափակել հաշիվները», - հավելել է նա:

Ուշագրավ է, որ արգելափակումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ռուսական անուն-ազգանուններով թվիթերյան բազմաթիվ օգտատերեր (հնարավոր է՝ բոտեր) սկսել էին ՍՊԱՄ գրառումներ կատարել հայաստանյան ընտրությունները համակարգելու նպատակով օգտագործվող #armvote17 հեշթեգով՝ տարածելով կեղծ նամակ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի անունից, իբրև թե ուղղված հայաստանյան հասարակական կազմակերպություններին և կոչ անելով աջակցել ընդդիմությանը: Թվիթերի հայկական սեգմենտի օգտատերերի դիտարկումներով՝ վերոհիշյալ հայ օգտատերերի հետ միաժամանակ արգելափակվել էին #armvote17 հեշթեգում ակտիվություն դրսևորած վերոհիշյալ ՍՊԱՄ անող օգտատերերը:

Գեղամ Վարդանյանը հիշում է, որ օրվա ընթացքում դիտարկել ու գրառում էր արել #armvote17 հեշթեգի վրա ենթադրյալ ռուսական ծագմամբ թրոլների/բոտերի գրոհի մասին:

«Կարծում եմ՝ արգելափակումը կապ ունի այդ թրոլների/բոտերի հետ, սակայն իհարկե ասածս պնդելու համար պետք կլինի Թվիթերից ունենալ այն օգտատերերի ցանկը, ովքեր «ռեփորթ» էին արել մեր թվիթերյան հաշիվները: Ու կատարվածի նպատակն էլ ինձ համար դեռ անհասկանալի է», - մեկնաբանում է Media.am կայքի խմբագիրը:

XS
SM
MD
LG