Խարկովի մարզում տեղակայված ուկրաինական ամենամեծ ռազմական պահեստներից մեկում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով պահեստի հարակից տարածքից՝ մոտ 20 կիլոմետր շառավղով ավելի քան 20 հազար բնակիչ է տարհանվել։
Պայթյունը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ տեղադրված են հրթիռահրետանային արկերը, այնուհետև հրդեհ է բռնկվել, և զինամթերքը սկսել է պայթել։ Պահեստում 138 հազար տոննա զինամթերք է պահվում։
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածը «սաբոտաժի արդյունք է» և դրանում մեղադրել են Ռուսաստանին։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ դեպքը «պատահականություն չէ»։ «Դա եղավ այն օրը, երբ Կիևի կենտրոնում սպանվեց ռուսաստանցի նախկին օրենսդիր, Ռուսաստանի քննադատ Դենիս Վորոնենկովը», - ասել է Պորոշենկոն։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահը Վորոնենկոյի սպանությունն անվանել է «պետական ահաբեկչություն Ռուսաստանի կողմից»: