Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ավարտեց իր ելույթը՝ ուղղված Կոնգրեսին: Պաշտոնավարման 40 օրն ամփոփող Թրամփի ճառը պարբերաբար ընդհատվում էր հոտնկայս ծափահարություններով:
Ռուսաստանի հետ հարաբերություններին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն այս ուղերձում չանդրադարձավ:
«Ես այսօր այստեղ եմ միասնության և հզորության ուղերձով, որը գալիս է իմ ամբողջ սրտից», - հայտարարեց Թրամփը:
Նա խոստացավ հզորացնել ամերիկյան զինված ուժերը և խթանել տնտեսությունը: Թրամփը վերահաստատեց Իրանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումը և անխախտ դաշինքը Իսրայելի հետ:
«Ես նոր պատժամիջոցներ եմ սահմանել կազմակերպությունների և անհատների համար, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, և վերահաստատել եմ մեր անխախտ դաշինքը Իսրայելի հետ», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը ՆԱՏՕ-ին՝ նշելով․ - «Մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ին՝ դաշինքին, որը կոփվել է երկու համաշխարհային պատերազմներում, ինչի արդյունքում տապալվեց ֆաշիզմը, և «սառը պատերազմում», որը հաղթեց կոմունիզմին: Բայց մեր գործընկերները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: Եվ հիմա, հիմնվելով մեր շատ ազնիվ քննարկումների վրա, նրանք հենց դա են սկսում անել»։
«Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը ծրագիր մշակել «Իսլամական պետությանը» ոչնչացնելու համար: Մենք սերտորեն աշխատելու ենք մեր դաշնակիցների, ներառյալ՝ մահմեդական աշխարհի մեր ընկերների հետ այս արգահատելի թշնամուն երկիր երեսից վերացնելու համար», - ասաց ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև կրկնեց Ամերիկայի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր խոստումը․ - «Պետք է վերականգնենք օրենքի գերակայությունը մեր սահմաններին և դրանց ամբողջականությունը: Հենց այդ պատճառով շուտով կսկսենք մեծ պատի կառուցումը մեր հարավային սահմանին»:
Նա ընդգծեց, որ հարկավոր է բարեփոխել օրինական ներգաղթի համակարգը՝ այն հնացած որակելով:
Թրամփն անդրադարձավ նաև Obamacare-ին՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի ներմուծած առողջապահական համակարգին, այն «աղետ» անվանելով և ավելի լավ առողջապահական համակարգ ստեղծելու խոստում տալով:
Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ