Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը զոհված հինգ ադրբեջանցի զինվորների անունները՝ Աբդուլաև Աղշին Իսմայիլ օղլու, Նազարով Շահլար Յաշար օղլու, Գաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու, Գադիմով Զուլֆի Ռեգիմ օղլու և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու։
Նախարարությունը նշել է, որ զինվորների մարմինները նախատեսված էր չեզոք գոտուց դուրս բերել փետրվարի 26-ին ժամը 12-ին ԵԱՀԿ և ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Սակայն, ըստ ադրբեջանական կողմի, «հայկական կողմը խախտել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և գործընթացը խոչընդոտելու նպատակով անընդունելի պահանջներ է առաջ քաշել»։
Փետրվարի 25-ին ժամը 3-ի և 4-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձ: Պաշտպանության բանակը ժամանակին հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ՝ զոհված ադրբեջանցիների մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։