Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը պատրաստվում է հեռուստատեսային հավելված թողարկել:
«Մեր հեռուստատեսային հավելվածը ֆեյսբուքյան տեսանյութերը մեծ էկրանին վայելելու նոր հնարավորություն է», - ասված է փետրվարի 14-ին ընկերության հրապարակած հաղորդագրությունում:
Նոր հավելվածը թույլ կտա «Ֆեյսբուքի» օգտատերերին հեռուստացույցով դիտել իրենց ընկերների, հավանած էջերի տարածած տեսանյութերը, ինչպես նաև առավել դիտվող ուղիղ հեռարձակումները: Վերլուծելով տվյալ օգտատիրոջ՝ նախկինում դիտած տեսանյութերը, «Ֆեյսբուքը» նոր տեսանյութեր կառաջարկի:
Հեռուստատեսային հավելվածը «շուտով» հասանելի կլինի Apple TV, Amazon Fire TV և Samsung Smart TV սարքերի վրա: Հստակ ժամկետներ հաղորդագրությունում չեն նշվում:
Սոցցանցը հայտարարել է նաև տեսանյութերի հետ կապված փոփոխությունների և նոր հնարավորությունների մասին իր հիմնական հավելվածում: Մասնավորապես՝ այսուհետև Լուրերի ժապավենում (News Feed) հայտնվող տեսանյութերը կվերարտադրվեն ձայնով, ոչ թե խլացված, ինչպես մինչ այժմ էր: Եթե հեռախոսը անձայն ռեժիմում է, տեսանյութերը նույնպես խլացված կլինեն, մինչև օգտատիրոջ կողմից դրանց վրա հպում կատարելը: «Ֆեյսբուքի» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունը անցած ամիսների ընթացքում այս ուղղությամբ փորձեր է կատարել և «դրական արձագանք» ստացել:
Մեկ այլ փոփոխությամբ՝ հորիզոնական տեսանյութերը այսուհետև ավտոմատ կերպով կընդարձակվեն և կլցնեն ողջ էկրանը, ինչպես «Սնափչաթում»:
Բացի այդ՝ նվագարկվող տեսանյութերը հնարավոր է փոքրացնել և դիտել՝ միաժամանակ շարունակելով այլ գործողություններ կատարել «Ֆեյսբուքում»: