Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքի՝ Մելբուրնի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, առնվազն 3 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։
Տեղի իշխանությունները չեն շտապում հարձակումն ահաբեկչություն որակել։ «Մենք ենթադրում ենք, որ այդ անձը միտումնավոր է մեքենան ուղղել դեպի մարդկանց բազմություն», - ասել է մարզի ոստիկանության պետի պաշտոնակատար Վիտորիա Բեյթսոնը՝ միաժամանակ պնդելով, որ «այս հանցագործությունը ահաբեկչական ակտ չէ»։
Դեպքը տեղի է ունեցել ընդմիջման ժամին, երբ մարդիկ դուրս էին եկել ճաշելու, հանգստանալու։
Ըստ ականատեսների, վարորդը մեքենան վարել է շատ անկանոն, հաճախակի փոխել է ուղղությունը, չի ենթարկվել ոստիկանների հրամաններին։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հաղորդվում է, որ այսօր ավելի վաղ նա վիճաբանության ժամանակ դանակահարել և վիրավորել էր մի անձի, ենթադրաբար՝ իր իսկ եղբորը, մեքենան էլ գողացված էր:
Ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է քաղաքացիներին՝ մոտակա ժամերին հնարավորինս խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց։