Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». Փորձաքննությամբ բացառվել է Տու-154-ի կործանման ահաբեկչության վարկածը


Ռուսաստան - Սև ծովի հատակից դուրս են բերվում կործանված օդանավի բեկորները, 29-ը դեկտեմբերի, 2016թ․
Ռուսաստան - Սև ծովի հատակից դուրս են բերվում կործանված օդանավի բեկորները, 29-ը դեկտեմբերի, 2016թ․

«Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հաղորդում է, որ Սև ծովում կործանված՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի բեկորները փորձաքննության ենթարկելուց հետո բացառվել են ահաբեկչության կամ մարտական հրթիռի հարվածի վարկածները։

Ըստ աղբյուրի, փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրել են կործանված օդանավի բեկորները, ուղևորների անձնական իրերը, ուղեբեռները, հումանիտար բեռը, նստելատեղերը, վնասված օդանավի ձևը, արդյունքում ոչ մի փաստ չեն հայտնաբերել, որը կապացուցեր ահաբեկչության կամ գետնից հրթիռային հարվածի վարկածները։

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի թռիչքային ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարը չէր բացառել ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ դա կարող էր լինել ոչ թե պայթյունի ձևով, այլ մեխանիկական ինչ-որ ազդեցության արդյունքում։ Նա նաև ասել էր, որ օդաչուները հաղորդել են օդանավում արտակարգ իրավիճակի մասին։

Ավելի վաղ, հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Տու-154-ը կործանվել է օդաչուի սխալի պատճառով։

Տու-154 օդանավը կործանվել է դեկտեմբերի 25-ին։ Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան նվագախմբի արտիստներ և ռուսաստանյան լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ։ Նվագախումբն ուղևորվում էր Սիրիայի Հմեյմիմ ռազմակայան՝ տոների կապակցությամբ շնորհավորելու ռուսաստանցի զինծառայողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG