Մատչելիության հղումներ

Դատարանը չեղարկել է Հատուկ քննչական ծառայության որոշումը


Ակտիվիստ, ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանը
Ակտիվիստ, ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանը

Ակտիվիստի փաստաբանի խոսքով, իրենք բողոքարկել էին ՀՔԾ-ի և դատախազության՝ «արդեն արատավոր պրակտիկայի վերածված» անգործությունը:

Դատարանը չեղարկել է ակտիվիստ, ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանին բերման ենթարկելու և լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով քրգործ չհարուցելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Նրա ներկայացուցիչ՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոք էր ներկայացրել ՀՔԾ-ի որոշման դեմ։ Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո արդեն նշված դեպքով քրեական գործ կհարուցվի։

«Ես բողոքարկում էի այն հիմքով, որ Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը դրսևորում են անգործություն։ Եվ սա արատավոր պրակտիկա է։ Մի դեպք չէ, հազարավոր նման դեպքեր կան, երբ ոստիկանության բաժիններում անձը ենթարկվում է բռնության։ Հաղորդում են ուղարկում, և ՀՔԾ-ն հաղորդումը չի քննարկում, ուղարկում է ներքին անվտանգության ծառայություն»,- պատմում է Ղարագյոզյանը:

Տիգրան Մազմանյանին ոստիկանություն էին տարել Հռոմի Պապի Հայաստան այցի օրը՝ փողոցներից մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելը լուսաբանելու փորձի ժամանակ։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունում իր պաշտպանյալին անհիմն պատճառաբանություն են ներկայացրել՝ իբր նրան զինվորական ծառայությունից խուսափելու համար են բերման ենթարկել։ Մինչդեռ, Մազմանյանը ծառայել է:

«Անձնական զննություն կատարեցին, գրեցին, որ ծառայությունից խուսափելու համար բերման են ենթարկել, բայց բոլորին հայտնի է, որ ես ծառայել եմ, ոչ միայն ժամկետային, այլ նաև պայմանագրային»,- «Ազատությանն» ասաց Մազմանյանը: Վերջինս բանակից հեռացվել էր, նախկին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի բնորոշմամբ, զինված ուժերում քաղաքականությամբ զբաղվելու համար։

Անդրադառնալով իրենց բողոքի բավարարմանը՝ փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ լրագրողների ու ակտիվիստների բերման ենթարկելու գործերով սա երկրորդ դեպքն է, որ դատարանը բավարարում է հայցն ընդդեմ քննություն իրականացնող մարմնի:

Ասում է՝ մտադիր են հետևողական պայքար մղել «ընդդեմ պատկան մարմինների անգործության»։ «Եթե քաղաքացիական ակտիվիստները հետևողական չլինեն, նման անգործությունները չբողոքարկեն, այսօր չենք հասնի նման որոշումների կայացմանը»,- հավելում է փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG