Մատչելիության հղումներ

Եվս 7 միլիոն ԵՄ-ից՝ Հայաստանի զարգացման ծրագրերի համար


Հայաստանում եվրոպական պատվիրակությունը 7 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի մարզերում զարգացման ծրագրերի իրականացման համար։

Այսօր տարածքային զարգացման ծրագրի շրջանակում ստորագրվեցին դրամաշնորհային 7 պայմանագրեր․ ծրագրեը կիրականցվեն Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում՝ հիմնականում հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից: Միակ տեղական ինքնակառավարման մարմինը, որ դրամաշնորհ է շահել, Կապանի քաղաքապետարանն է։

«Ինչպես բոլորիդ հայտնի է, Եվրամիությունը Արևելյան գործընկերության կոնտեքստում լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը, և առավել կարևորում է գործընկերությունը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, քանի որ մեզ համար պարզ է այն փորձը, որ Եվրամիությունը ունեցել է տարածքային անհամաչափությունը հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու գործում։ Օժանդակությունը, որ մենք այսօր ԵՄ-ից ստանում ենք և ապագայում ակնկալում ենք, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումների և դրանց արդյունքները մեր երկրում պետք է լինեն չափելի և մենք դրանց ձեզ հետ պետք է տեսնենք», - ասաց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։

Նախարարն ընդգծեց, որ այս տարվա հուլիսին ընդունվել է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը, որը ևս կատարվել է Եվրամիության աջակցությամբ։ Վերջին դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանում կստեղծվի 500 կայուն աշխատատեղ՝ միջինից բարձր աշխատավարձով: Ծրագրում կներգրավվի մոտ 2000 մարդ։

«Ծրագրի ընդհանուր բյուջեն 10 միլիոն եվրո է, հիմա մենք դրամաշնորհների տեսքով տրամադրում ենք 7 միլիոնը, հունվարին դրամաշնորհների նոր մրցույթ կհայտարարենք։ Ընդհանրապես Եվրամիությունը երկարատև ջանքեր է ներդնելու Հայաստանի տարածքային զարգացման համար։ Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը ցանկանում է ավելի շատ միջոցներ և էներգիա ներդնել Հայաստանի մարզերում, մենք ուզում ենք Երևանից դուրս ևս աշխատել», -ընդգծեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Այսօր բաշխված դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 10 միլիոն եվրո է, որից 7-ը տրամադրել է ԵՄ-ն, 1.75-ը՝ Հայաստանի կառավարությունը, մնացածը՝ համաֆինանսավորում է դիմորդների կողմից։

Ծրագրի հաղթողներն են «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը», «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը» Կապանի քաղաքապետարանը, «Շեն» ՀԿ-ն, «Իդեա» հիմնադրամը, «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն և Ֆլորենցիայի համալսարանի իտալական ուսումնահետազոտական կազմակերպությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG