Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նախազգուշացնում է բանկերի դեմ կիբերհարձակման սպառնալիքի մասին


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) այսօր հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում օտարերկրյա լրտեսական գործակալությունների կողմից ռուսաստանյան խոշոր բանկերի գործունեությունը խաթարելուն ուղղված մեծամասշտաբ կիբերհարձակումը ձախողելու ուղությամբ:

ФСБ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետության լրտեսական ծառայությունն է իրականացնելու հարձակումը, սակայն նշել է, որ այն տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը նաև նշել է, որ հարձակման մեջ ներգրավված սերվերները գտնվում են Նիդերլանդների տարածքում և գրանցված են ուկրաինական «ԲլեյզինգՖասթ» վեբ-հոստինգային ծառայության անունով:

Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ տեղեկացված է սպառնալիքի մասին և համապատասխան քայլեր է ձեռնարկում ցանկացած հարձակման դիմակայելու համար:

«Իրավիճակը վերահսկվում է», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ, - «Բանկերին անհրաժեշտ ցուցումներ են տրվել»:

Կիևում գործող «ԲլեյզինգՖասթ» ընկերության տնօրեն Անտոն Օնոպրիչուկը, մինչդեռ, նշել է, որ որևէ պետական հետախուզական գործակալություն իր հետ կապ չի հաստատել: Նա պատրաստակամություն է հայտնել հետաքննել միջադեպը, եթե համապատասխան տեղեկատվություն և փաստեր տրամադրվեն:

XS
SM
MD
LG