Մատչելիության հղումներ

Հայաստանյան ՔԿՀ-ներում «կոռուպցիան շարունակում է խնդիր մնալ»


Armenia -- Nubarashen Prison near Yerevan, undated.
Armenia -- Nubarashen Prison near Yerevan, undated.

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հայաստանյան բանտերի և իրավապահ համակարգի վերաբերյալ հերթական զեկույցում որոշակի առաջընթաց արձանագրել է: Զեկույցի հեղինակները, այդուհանդերձ, նշում են, որ ոստիկանությունում շարունակվում են ձերբակալվածների նկատմամբ անօրինականությունները, ձերբակալության ժամանակ կիրառվում է անհարկի ուժ, որոշ բանտեր շարունակում են գերբնակեցված մնալ:

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքին, բանտային պայմաններին, քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների մատուցման բացթողումներին։

Անցած տարի հոկտեմբերին Հայաստան այցելած Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները փոքրաթիվ մեղադրանքներ էին ստացել ոստիկանության վատ վերաբերմունքի, մասնաավորապես անհարկի ուժի կիրռաման վերաբերյալ, ինչը զեկույցի հեղինակների մոտ տպավորություն է ձևավորել, որ ոլորտը բարեփոխվել է։

Միևնույն ժամանակ առանցքային գործոն են համարում այն, որ հարցաքննության ժամանակ ոստիկանների կողմից բերման ենթարկվածների նկատմամբ չի կանխվել դաժան վերաբերմունքի դրսևորումը։ Ինչպես նաև չեն պահպանվել ոչ-պաշտոնական զրույցների համար մարդկանց ոստիկանություն «հրավիրելու» պայմանները․ նրանք մի քանի ժամ, անգամ մի քանի օր ստիպված են եղել անօրինական մնալ ոստիկանությունում։

Պատվիրակությունը մանրամասն ուսումնասիրել է նաև Հատուկ քննչական ծառայության դեմ հնչած մեղադրանքները և ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ձևավորել վերջինիս քննիչների գործունեության վերաբերյալ։

Բուժօգնության հասանելության մասին կոմիտեն վերահաստատել է իր նախկին առաջարկությունը, որ ոստիկանների կողմից ազատազրկված մարդիկ պետք է բուժօգնության երախիքներ ունենան ազատազրկման առաջին իսկ օրվանից։

Մարդկանց ոստիկանությունում պահելու պայմանների վերաբերյալ կոմիտեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի գրասենյակներն ու միջանցքները որպես հավելյալ կալանքի վայրեր չօգտագործվեն։

Պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Արմավիրի և Վանաձորի ՔԿՀ-ներ, որտեղ զեկույցի հեղինակները բարենպաստ պայմաններ են արձանգրել:

Մինչդեռ «Նուբարաշեն» քրեակատարողկան հիմնարկի վերբերյալ ասվում է, որ այն շարունակում է գերբնակցված մնալ: Բացի այդ, զեկույցի հեղինակները նկատել են, որ այստեղ բանտախցերի պայմանները տարբեր են՝ որոշ խցեր ավելի լավն են մյուսներից:

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նաև եզրակացրել է, որ հայաստանյան քրեակատորողական հիմնարկներում կոռուպցիան շարունակում է խնդիր մնալ:

Կոմիտեն կրկին հաստատել է բանտերում ընտրյալների՝ այսպես կոչված «զոն նայողների» որոշակի գերիշխանությունը մյուսների նկատմամբ, և կոչ արել կառավարությանը քայլեր ձեռնարկել այս պրակտիկային վերջ տալու համար։

Առողջապահական ծառայությունների մասով ևս Նուբարաշենում շատ վատ վիճակ են արձանագրել։ «Կար դեղերի պակաս, և բանտարկյալների ընտանիքներն են նրանց դեղորայք ուղարկում», - ասվում է զեկույցում:

Ըստ կոմիտեի՝ ծանր են պայմանները դատապարտյալների հիվանդանոցում, հատկապես մասնագիտական օգնության պակաս կա հոգեբուժարանում։

Ակտիվիստ Վարդգես Գասպարին իր օրինակով է պատմում քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին։ Ոստիկանության կողմից բազմիցս բերման ենթարկված, ինչպես նաև բանտում հայտնված Գասպարին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրականում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացվում է․ - «Մեծագույն պրոբլեմը «Նուբարաշենում» դա էր, որ՝ այստեղ մենք ենք ասում: Խուց նայողը շատ ուղիղ ինձ ասել է՝ այստեղ մենք ենք ասում՝ ինչ անես, ուր պառկես, ուր քնես, ինչ ուտես, երբ լողանաս: Եվ երբ ես չեմ ենթարկվել դրան, ուղղակիորեն դրա համար ենթարկել են բռնությունների»:

Իրավապաշտպան Արայիկ Զալյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում ամենամեծ խնդիրներից մեկը բուժսպասարկումն է։ Նա նաև նշեց, որ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք այդպես էլ չեն հարթվում․ - «Եվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այդ խնդիրների վերաբերյալ որևիցե քննություն, ուսումնասիրություն չի կատարվում: Դատապարտյալին պատժում են նրա համար, որ իր ձեռքին հայտնաբերել են արգելված իր, բայց այն ուղղությամբ, թե ինչպե՞ս հայտնվեց այդ արգելված իրը քրեակատարողական հիմնարկում և դատապարտյալի մոտ՝ քննություն չի կատարվում ուղղակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG