Մատչելիության հղումներ

«Փելեշյանը զղջացել է և հայտնել տուժողի հետ հաշտվելու մասին»․ քրգործը կարճվել է


Հայաստան - Արկադի Փելեշյանի քարոզչական վահանակը նախընտրական Վանաձորում, սեպտեմբեր-հոկտեմբեր, 2016թ․
Հայաստան - Արկադի Փելեշյանի քարոզչական վահանակը նախընտրական Վանաձորում, սեպտեմբեր-հոկտեմբեր, 2016թ․

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու դեպքի բոլոր հանգամանքները։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը իր հաղորդագրությունում հիշեցնում է՝ անցած ամիս Վանաձորի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ հոկտեմբերի 4-ին ժամը 21-ի սահմաններում նույն քաղաքում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածուն, հոկտեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ իր օգտին չքվեարկելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։ Անմիջապես ձեռնարկվել են քննչական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

«Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննությամբ՝ պարզվել է, որ Ա. [Արկադի] Փելեշյանը 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենքում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար վիճաբանել է կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` այդպիսով ծեծի ենթարկելով նրան։ Վերոշարադրյալը հիմնավորվել է բազմաթիվ ապացույցներով, այդ թվում՝ վկաների ցուցմունքներով, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրության զննությամբ և մի շարք այլ փաստական տվյալներով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի թիվ 0635 եզրակացության համաձայն՝ տուժողի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Փելեշյանին հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Սակայն նախաքննության ընթացքում տուժող Գրիգորյանը, փոխանցում է Քննչական կոմիտեն, դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին և տվել լրացուցիչ ցուցմունք առ այն, որ իրեն ծեծելու համար Փելեշյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, հաշտվել է նրա հետ և չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության: Փելեշյանը ևս դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և լրացուցիչ ցուցմունքում նշել, որ զղջում է կատարած արարքի համար, հաշտվել է Գրիգորյանի հետ և խնդրում է տուժողի հետ հաշտության հիմքով քրեական գործով վարույթը կարճել և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Վերոշարադրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներով՝ քննիչը որոշում է կայացրել սույն քրեական գործով վարույթը կարճել և Ա.Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի և մեղադրյալի հաշտության հիմքով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG