Մատչելիության հղումներ

Լուի Պուզանն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին


ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը այս տարի կստանա ֆրանսիացի Լուի Պուզանը, ով համարվում է ինտերնետի նախահայրերից մեկը և հայտնագործել է դատագրամը։

Նա 2013-ին նա արժանացել է ճարտարագիտության ոլորտում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի մրցանակին։

ՏՏ ոլորտի հայկական մրցանակի պայմաններից մեկը մրցանակակրի այցելությունն է Հայաստան։ Պուզանը Երևան կժամանի նոյեմբերի 5-ին, հանդիպումներ կունենա ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների հետ, իսկ նոյեմբերի 8-ին կմասնակցի մրցանակաբաշխությանը՝ նախագահից ստանալով հուշամեդալ և վկայագիր:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը համոզված է, որ այս մրցանակը նպաստում է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ - «Այս մրցանակը ոչ միայն նպաստում է ոլորտի զագացմանը, այլև մեր երկրի և Հայաստանում ապրող մարդկանց մասին անհրաժեշտ տեղեկության տարածմանը։ Մենք արդեն ունեցել ենք 6 մրցանակակիր, բոլորը այդ ոլորտում բավականին հայտնի անձնավորություններ, և այս ընթացքում դարձել են Հայաստանի բարի և լավ բարեկամները։ Ունենք դեպքեր, երբ նրանցից ոմանք իրենց սեփական նախաձեռնությամբ և միջոցներով աջակցում են Հայաստանի կրթական հաստատություններին, իրենց սեփական տեխնոլոգիաներով և գիտելիքներով փորձում են հիմնել Հայաստանում համապատասխան կառույցներ», - նշեց Գևորգյանը։

«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն, այս մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ 7 տարի առաջ այս մրցանաբաշխությունը նախաձեռնելիս քչերն էին հավատում, որ այն իրականություն կդառնա. - «Շատերն ասում էին, բայց ինչո՞ւ եք համոզված, որ կկարողանաք ՏՏ ոլորտի այդքան բազմազբաղ մարդկանց մոտիվացնել, որ գան Հայաստան, բայց մենք դա արեցինք և ես հպարտ եմ և հուզված։ Մեր երկիրը բավական ճանաչելի դարձավ»։

Ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչ Թոնի Մորոյանը մանրամասնեց, որ ամեն տարի մրցանակի մեկից ավելի թեկնածու են ունենում ու ի վերջո ընտրում և նախագահին են ներկայացնում նրան, ով համաձայնում է այցելել Հայաստան։ - «Շատ բարձր նշաձող ենք դրել դափնեկիրներին ընտրելիս», - ասաց Մորոյանը։

Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են «Ինթել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը, Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնիակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco Systems ընկերության զագացման գծով նախագահ Մարիո Մացցոլան և 2015-ին` Kaspersky Lab ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին։

XS
SM
MD
LG