Մատչելիության հղումներ

Սարիթաղցիները կրկին բողոքի ակցիա անցկացրին Նախագահականի մոտ


Մինչ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում Մալթայի արքայազնին էր ընդունում, նստավայրի դիմաց սարիթաղցիները հերթական բողոքի ցույցն էին անցկացնում։ Ոստիկանները սակայն պատ էին կազմել, ու սարիթաղցիների պարզած պաստառները չէին երևում։

Ցուցարարները պնդում են, որ իրենց հարազատներն իշխանությունների կամքով արդեն երեք ամիս է՝ ճաղերի ետևում են։ Հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո 9 մարդ ձերբակալվեց․ 4-ի գործը միասին է քննվում։ Նրանք մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից հետո ոստիկանությունը արգելափակել էր Սարի թաղի ճանապարհներից մեկը։ Այս փաստը հարուցել էր սարիթաղցիների դժգոհությունը, որն էլ հենց բախման պատճառ դարձավ։ Ձերբակալվածներից Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը պնդում է, որ վեճը ոստիկաններն են սկսել․ - «Առաջինը սկսվել է ոստիկաններից, նրանց՝ զենք հանելուց։ Ես այդ ամենը ունեմ՝ այդ փաստերը, թե որտեղից են սկսվում վեճերը, ում հրահանգով է այդ ամեն ինչը լինում»։

Սարիթաղցիենը դժգոհ են նաև դատավարության ընթացքից։ Ասում են՝ դատավոր Աննա Դանիբեկյանը կամայական որոշումներ է կայացնում։ Նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստի ընթացքում ձերբակալվածներից մեկի պաշտպանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը սակայն մերժվեց։

«Դատավորն ինքն ուզում էր օրենսգիրքը խախտեր, որովհետև դատապարտյալի փաստաբանը ներկա չէր։ Կարող ա ընենց նյութ էր ներկայացնում, որ իրա դատապարտյալին հենց դահլիճից ազատ էին արձակում։ Իրանք ուշադրություն չէին դարձնում, ու ուզում էին դատավարությունը շարունակեին։ Իմ եղբայրն էլ ա իրանց մեջ եղել՝ էդ 9 հոգու մեջ։ Հենց էդ օրը իմ եղբայրը շատ վատ վիճակում ա եղել։ Սկոռի կանչեցին իրա համար։ Ինքը շատ վատ առողջական խնդիրներ ունի։ Ու ոչ մեկը ոչ մի հարցի լուծում չի տալիս, մինչև չեն զանգում Մարդու իրավունքների պաշտպանին։ Իսկ մեր նախագահը ոչ մի բանի լուծում չի տալիս։ Խնդրում եմ, որ լուծում տա, լսի մեզ ու աջակցի», - ասում է Էդվարդ Զեյթունյանի քույրը՝ Լուսինե Բալաբանյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով հուլիսյան իրադարձությունների ժամանակ Սարի թաղը հայտնվել էր անկլավի կարգավիճակում, ջուր ու լույս չկար ու մարդիկ բոլոր իրավունքներն ունեին պահանջելու, որ այդ վիճակը վերացվի։

«Նույնիսկ այն բանից հետո, երբ բարձրաստիճան ոստիկաններ պատժվեցին ու աշխատանքից ազատվեցին անօրինական գործողությունների համար, քաղաքացիները շարունակեցին մնալ ճաղերի ետևում», - փաստում է Հարությունյանը։ - «Եթե էս մարդիկ պիտի մնային բանտում, ինչո՞ւ ոստիկաններին ազատեցին աշխատանքից։ Ինչ վերաբերում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելուն, ես չգիտեմ նման փաստեր, հանգամանքներ էդ ձերբակալվածների կողմից եղել են, թե չեն եղել, բայց ես գիտեմ, որ այսօր էլ գտնվում են բանտում և ձերբակալվել են հիմնականում մարդիկ, ովքեր ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների և հետագայում իրենց բռնությունների ենթարկվելու մասով իրավունք չունենան կամ հնարավորություն չունենան բողոք ներկայացնելու, հենց նրանց նկատմամբ էլ, որպես կանոն, սկսվել են քրեական հետապնդումներ։ Այս կարգի միջոցառումների ու դեպքերի ժամանակ, որ տեղի ունեցան Խորենացի փողոցում այդ օրերին, իհարկե ամեն ինչ հնարավոր է, բայց պետությունը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել այդ ամեն ինչը հաղթահարելու և լրացուցիչ, ավելորդ թշնամանք չսերմանելու, բանտերն անտեղի անմեղ մարդկանցով չլցնելու», - ասում է նա:

Սարիթաղցիների գործով հերթական դատական նիստը նոյեմբերի 8-ին է։ Մինչ այդ նրանք շարունակելու են բողոքի ցույցեր ու երթեր անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG