Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քննադատում է ԱՄՆ-ի «աննախադեպ» սպառնալիքները հաքերային հարձակումների վերաբերյալ


Ռուսաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին` Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ պնդումների վերաբերյալ «աննախադեպ» սպառնալիքների համար:

Մոսկվան այսպես է արձագանքել հոկտեմբերի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությանը, թե ամերիկյան քաղաքական կառույցների դեմ ռուսների իրականացրած հաքերային հարձակումների վերաբերյալ պետք է «մեսիջ» ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: – «Մենք ունենք դրա համար անհրաժեշտ կարողություններ և այդ մեսիջը կուղարկվի: Նա կհասկանա դա, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք դա կցանկանանք և երբ դա առավելագուն ազդեցություն կունենա», - մասնավորապես ասել էր Բայդենը:

«Մոսկվային և մեր պետության ղեկավարությանն ուղղված սպառնալիքները աննախադեպ են, քանի որ դրանք հնչեցվում են ԱՄՆ փոխնախագահի մակարդակով», - ի պատասխան ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: - «Այս ագրեսիվ և անկանխատեսելի գիծը մեզ ստիպում է քայլեր ձեռնարկել մեր շահերը պաշտպանելու ուղղությամբ», - հայտարարել է նա:

Ավելի վաղ` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն էր զգուշացրել, որ որ Ռուսաստանը հաքերային հարձակման լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար՝ ընդգծելով, որ այդ երկիրը «բացառիկ զարգացած կիբերկարողություններ ունի»:

Ռուսական հաքերային հարձակումների խնդիրը ամերիկյան քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը դարձավ այն բանից հետո, երբ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը հաստատելու նպատակով հրավիրված Դեմոկրատական կուսակցության համաժողովից առաջ Wikileaks կայքը հրապարակեց Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների նամակագրությունը: Հրապարակված փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը սևացրել է կուսակցին՝ Քլինթոնի մրցակից, նախագահի թեկնածու դառնալ ցանկացող Բերնի Սանդերսին և նրա նախագահական ընտրարշավը խոչընդոտելու ուղիներ փնտրել։

Ավելի ուշ` օգոստոսի 12-ին, ենթադրաբար ռուսական հաքերային խումբը համացանցում հրապարակել էր փաստաթղթեր, որոնք գողացվել էին Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության ընտրական հանձնաժողովի սերվերներից: Այդ փաստաթղթերում առկա են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների անձնական տվյալներ, այդ թվում՝ հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG