Մշակույթի նախարարությունն այս տարի 1 միլիոն դրամով կրճատել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի բյուջեն։
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի փոխանցմամբ, 2007 թվականից սկսած ամեն տարի պետբյուջեից փառատոնին տրամադրվող գումարը նվազել է, և, ըստ Ղուկասյանի, եթե 2008 թվականին փառատոնի բյուջեն կազմում էր 35 միլիոն դրամ, ապա այս տարի այն արդեն 30 միլիոն է։
«Դա ցավալի է, իմ կարծիքով, դա սխալ է, բայց ես չեմ այդ գումարի տերը, ես չեմ որոշում։ Մշակույթի նախարարությունն ասում է, որ դա ոչ թե իրենց որոշումն է, այլ՝ ֆինանսների նախարարության, որովհետև իրենք դա ստանում են ֆինանսների նախարարությունից, ֆինանսների նախարարությունն էլ ասում է, որ դա կառավարության որոշումն է», - ասաց Ղուկասյանը։
Գումարների կրճատման պայմաններում ծախսերի համակարգումը, ըստ փառատոնի նախագահի, հնարավոր է դառնում իրենց պրոֆեսիոնալ թիմի և լավ գործընկերների շնորհիվ։
«Որովհետև տաղանդավոր են, որովհետև պրոֆեսիոնալ են, որովհետև ես Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչն եմ մեր ինստիտուտում, որովհետև ես գիտեմ՝ ոնց է պետք կազմակերպել, որովհետև մենք ունենք հիանալի թիմ, որովհետև ես ունեմ սպիտակ մազեր այս ամեն ինչից», - ասաց Ղուկասյանը։
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարներ է նշանակում, կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ առաջարկում, անդրադառնալով հարցին, թե մշակույթի նոր նախարարի թեկնածու ո՞ւմ է տեսնում, Արթուր Ղուկասյանը պատասխանեց. - «Եթե նորանշանակ վարչապետը որոշում կայացնի, որ ուրիշ մշակույթի նախարար լինի, կարող է ինքն ավելի լավ մարդ գտնի, մենք կասենք՝ այո, բայց ես չեմ տեսնում դեռ, այսպես ասեմ, թեկնածուներից, որոնց մասին խոսվում է»։
14-րդ «Հայֆեստ»-ը այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 1-ին և կհյուրընկալի 20 երկրներից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի։
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կանցկացվի նաև «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով։ «Գիտաժողովը նվիրված է 25-ամյակին, ոչ մի քաղաքական բնույթ չունի։ Պարզում է, թե ինչպես զարգացավ թատրոնը, երբ որ երկիրը դարձավ անկախ և ազատ, ինչ լավ բաներ եկան, ինչ վատ բաներ եկան, զարգացավ, թե՝ չզարգացավ, և իրենց փորձը կկիսեն մեզ հետ մեր գործընկերները՝ տարբեր փառատոնների տնօրեններ, հայտնի արտ-մենեջերներ և թատերագետներ տարբեր երկրներից», - ասաց Ղուկասյանը։
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր։ Ներկայացուցիչներ կլինեն աշխարհահռչակ թատրոններից, ինչպես նաև փառատոնների ղեկավարներ՝ Մեծ Բրիտանիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Չեխիայից և այլ երկրներից։
Արտասահմանյան բոլոր ներկայացումների մուտքն ազատ է լինելու, տեղական թատերախմբերն իրենք կորոշեն՝ տոմսեր վաճառել, թե՞՝ ոչ։
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, կրկեսային, մանկական և այլ ներկայացումներ։