Այս երկու թեկնածուները նախկինում երկու անգամ միմյանց դեմ պայքարել են պատգամավորի մանդատի համար, մեկը մյուսի ձեռքից է մանդատը վերցրել, հիմա էլ քաղաքապետի աթոռի համար են պայքարում:
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն իր կուսակցին սատարելու փոխարեն անկուսակցական Մուշեղ Պետոյանին սատարելու որոշում է կայացրել:
Քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանը «Ազատության» հարցին, թե ինչու հարազատ կուսակցությունը որոշեց իր փոխարեն անկուսակցական Մուշեղ Պետոյանին սատարել, պատասխանեց․ - «Բայց ո՞վ է ասել, որ չի սատարում: Ինչի՞ պիտի չսատարի: Ոչ միայն Հանրապետականն է սատարում, բոլորն են սատարում: Որոշումը կայացրել եմ վերջին պահին, դրա համար ինքնառաջադրում է եղել: Ես դրանում վատ բան չեմ տեսնում: Առավել ևս Հանրապետական կուսակցությունը դրանում վատ բան չի տեսնում»:
Վարագյանը համոզված է, որ ժողովուրդն իրեն սատարում է և չի կասկածում, որ հաղթելու է:
Մուշեղ Պետոյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու որոշեց քաղաքապետի աթոռի համար մտնել ընտրապայքարի մեջ, պատասխանեց․ - «Ժողովրդի վստահության քվեն են ուզում ստանալ: Առաջադրվել եմ, որովհետև շատ բաներ ունեմ քաղաքի համար անելու և ժողովրդին ծառայելու»:
Հանրապետականի առաջադրած անկուսակցական թեկնածուն նույնպես վստահ է, որ կհաղթի: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության կողմից իրեն առաջադրելուն, ապա Պետոյանի խոսքով, ինքը հանդիպումներ ունեցել է բոլոր կուսակցությունների հետ․ - «Եվ Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց, որ իմ թեկնածությունը առաջադրի Արթիկի համայնքի ղեկավարի թեկնածու»:
Հարցին, թե ինչու որոշեց պատգամավորի մանդատը քաղաքապետի աթոռով փոխել, Պետոյանը պատասխանեց․ - «Նպատակահարմար ենք գտել, մեր թիմով որոշել ենք, որ իմ կարողությունները, իմ աշխատաոճը ավելի հարմար կլինի մեր քաղաքին ծառայելու և քաղաքը զարգացնելու համար»:
Մամուլը պարբերաբար գրում է Արթիկում լարված վիճակի, թիմերի միջև բախումների մասին: Երկու թեկնածուներն էլ բացառեցին լարվածության ու միջադեպերի մասին լուրերը:
«Էսոնց մեր Արթիկի տղեքն են․ էս էլ, էն էլ․․․ որը կանցնի, անցնի, մենք դեմ չենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի տարեց արթիկցի:
«Էն է ցավը, որ երկուսն էլ հանրապետական են», - հավելեց նրա համաքաղաքացիներից մեկը: - «Գոնե ընդդիմություն կամ ուրիշ բան էղներ, արժեր պադդերժկա էնել: Ընտրության կերթանք, բայց որ հանրապետական է, չենք ուզե: Չենք ուզե, որ Սերժը նորից վերարտադրվի»: