Մատչելիության հղումներ

Փանջիկիձե․ Նոր հեռանկարներ են բացվել Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության համար


Ավելի քան երկու տարի Վրաստանի արտգործնախարարությունը գլխավորած Մայա Փանջիկիձեի խոսքով, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Թբիլիսի-Երևան-Թեհրան համագործակցության նոր հեռանկարներ են ի հայտ եկել:

Երևանում, լրագրողների հետ հանդիպմանը, Փանջիկիձեն հույս հայտնեց, որ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները առաջիկայում կհավասարվեն քաղաքական հարաբերություններին:

«[Միջազգային հանրության առջև] Իրանի բացվելուց հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվում է: Նոր հեռանկարներ են բացվում, շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, այդ թվում՝ տնտեսական: Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը, կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կախված է շահերից, իսկ այդ շահերը հաճախ կապված են տնտեսության հետ: Ընդ որում, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում տնտեսական խնդիրներ կան: Տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է տարբեր ճանապարհներ փնտրել: Իրանի բացվելուց հետո շատ հեռանկարներ են առաջանում: Ուստի, հարկավոր է մտածել այդ ուղղությամբ և մշակել ռազմավարական ծրագիր՝ այդ հարաբերությունները ավելի սերտ դարձնելու համար», - ասաց Փանջիկիձեն։

Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից գրեթե անմիջապես հետո մի քանի ամիս է Թեհրանը, Երևանը, Թբիլիսին ու Մոսկվան ձեռնամուխ են եղել «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ստեղծմանը, որի կյանքի կոչումից հետո չորս երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը կկարողանան համաժամանակյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության էլկտրական հոսքեր:

Բացի այդ բանակցություններ են ընթանում Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու շուրջ:

«Ոչ մի դեպքում չէի ասի, որ մեզ համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը: Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարևաններն են, և մենք միշտ էլ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ: Հայ-վրացական հարաբերություններում քաղաքական որևէ խնդիր չկա, սակայն, ցավոք, մեր տնտեսական հարաբերությունները այդքան էլ զարգացած չեն, որքան քաղաքականը: Ուստի, մեծ ներուժ եմ տեսնում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար», - ասաց Փանջիկիձեն։

Նրա համոզմամբ, այն որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, չի կարող խոչընդոտներ առաջացնել հայ-վրացական հարաբերություններում:

«Այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա, որովհետև մենք ունենք վաղեմի հարաբերություններ, և որևէ ազդեցություն չի կարող ունենալ այն հանգամանքը, թե ինչ ճամբարների մաս են կազմում մեր երկրները: Ուստի, կարծում եմ, չնայած Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ, իսկ Հայաստանն այլ ծրագրեր ունի, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ երկկողմ լավ տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար: Քաղաքական առումով, ինչպես ասացի, որևէ խնդիր մեր երկրները չունեն», - ասաց Վրաստանի նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG