Մատչելիության հղումներ

Հեղաշրջման փորձից հետո թուրք մտավորականը համարձակորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թուրքիայում հեղաշրջման փորձից երկու օր առաջ՝ հուլիսի 13-ին, Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսպանիայի խոշորագույն «Էլ Պաիս» թերթի բարձրացրած վեց գրավոր հարցերին: Սակայն, երբ «Էլ Պաիսը» չհրապարակեց նրա պատասխանները, դոկտ. Բերքթայը որոշեց օգոստոսի 15-ին իր հարցազրույցը տեղադրել թուրքական «Սերբեսթիյեթ» կայքում՝ «Ցեղասպանությունը եղել և մնում է ցեղասպանություն՝ հեղաշրջմամբ կամ առանց դրա» վերնագրով:

Ազատամիտ թուրք մտավորական պրոֆ. Բերքթայն ասել է «Էլ Պաիս» թերթին, որ 2002 թվականից սկսած նա բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա ցեղասպանությունը բնութագրել է որպես «օսմանյան հայերի գրեթե ամբողջական բնաջնջում և ոչնչացում»: Դոկտ. Բերքթայը խոստովանել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր անկեղծ տեսակետների համար, «մանավանդ 2002-ից առաջ և նույնիսկ դրանից հետո (թեև այլևս ոչ կառավարության կողմից), ինձ նման մարդկանց վրա հսկայական ծավալի ոչ պաշտոնական, անօրինական ճնշում, շանտաժ, սպառնալիքներ կամ այլ տեսակի հոգեբանական տեռոր է եղել, որին ես և մյուսները ստիպված էինք դիմակայել»:

«Էլ Պաիս»-ի այն հարցին, թե «ինչո՞ւ է Թուրքիան հրաժարվում վերանայել անցյալը», դոկտ. Բերքթայը պատասխանել է. - «Դեռևս 1980-ականներին և 90-ականներին․․․ անցյալի ժխտողականությունը հիմնված էր նախնիների պաշտամունքի կամ յունիոնիզմին կամ աթաթուրքիզմին գաղափարական նվիրվածության վրա: Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915 թվականին, դիտարկվում էր որպես սև բիծ թուրք ազգայնականության համար: Բացի այդ, քանի որ այն չէր իրագործվել քեմալական հանրապետության կողմից կամ ներքո, քանի որ հանրապետությունը ժառանգել էր հայերից էթնիկ զտումներով տարածքի պատասխանատվությունը, այն իր բնույթով անթույլատրելի կեղտ էր քեմալական հեղափոխության բաղձալի անբասիր օրինականության համար: Ուստի, տաբու դրվեց դրա վրա. այն դարձավ արգելված և անքննարկելի: Միայն այս ու այնտեղ, հիմնականում արտերկրում ապրող և աշխատող մի քանի մտավորականներ խոսեցին դրա մասին. ձայն բարբառո հանապատի»: Պրոֆ. Բերքթայը հավելել է. 2000-ից սկսած «ամեն ինչ սկսեց փոխվել»՝ Հայոց ցեղասպանության մասին խոսող թուրք մտավորականների թվի աճի հետ կապված:

Դոկտ. Բերքթայի հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածն այն է, որտեղ նա նշում է պատճառը, թե ինչու թուրքական կառավարությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. - «Թուրքիայի կառավարությունը չգիտի, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք ասեն, որ այո, սա ցեղասպանություն էր: Ի՞նչ կանի կամ ի՞նչ կպահանջի Հայաստանը: Արդյոք նա պատրաստվում է պահանջել նյութական փոխհատուցո՞ւմ, կամ նույնիսկ հողե՞րը: Դա այն է, ինչ ասում են բոլոր հայ արմատական ազգայնամոլ դաշնակցականները: Ինչպես նրանք են արտահայտվում՝ երեք R-եր՝ (անգլերենով՝ Recognition, Reparation, Restitution) ճանաչում, փոխհատուցում, վերականգնում (հողերի): Իհարկե, վերջինը ոչ մի թուրքական կառավարություն հնարավոր չէ, որ կարողանա զիջել: Ուստի, շատ հավանական է, որ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ, նրանք կցանկանան իմանալ Հայաստանի մտադրությունների մասին: Մյուս կողմից, քանի դեռ Հայաստանը շարունակում է չբացել իր խաղաքարտերը, ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանություն դեռ երկար կտևի»:

Պրոֆեսորի վերոնշյալ հայտարարության ուշադիր ընթերցումը ցույց է տալիս՝ նա գտնում է, որ Թուրքիայի կողմից հողերի վերադարձը Հայաստանին հնարավոր չէ, սակայն չի բացառում փոխհատուցումները: Իմ կարծիքով, մինչ հայերը իրավացիորեն պահանջում են իրենց պատմական հողերը, նրանք պատրաստ են փոխհատուցումը ընդունել որպես նախնական քայլ:

Պրոֆ. Բերքթայի պատասխաններում թերևս առավել վիճահարույց տեսակետը նրա բացատրությունն է, թե ինչու է Թուրքիան հրաժարվում առերեսվել իր կեղտոտ անցյալին. - «Բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման առանձնահատուկ մարտահրավերին, թուրքական հասարակության լայն հատվածները, ինչպես նաև «Արդարություն և զարգացում կուսակցությունը», շարունակում են հարցնել. Ինչո՞ւ մենք: Իսկ ինչո՞ւ միայն մենք: Արդյոք մյուս բոլոր պետություններից և՞ս պահանջում են քավել իրենց անցյալի մեղքերն այսպիսի խստությամբ, թե՞ միայն Թուրքիայից: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, թե ինչ արեցին «նրանք» առաջին հերթին «մեզ» հետ: Եթե մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, արդյոք նրանք, երբևէ, թեկուզ թեթևակիորեն կճանաչեն Կրետեի, Հունաստանի, Բուլղարիայի կամ Սերբիայի մահմեդական թուրքերի ողբերգական վիճակը: Ո՞վ է ձայն բարձրացնում թուրքերի համար: Արդյոք մենք որևէ բարեկամ ունե՞նք աշխարհում»:

Թեև ես համաձայն չեմ պրոֆ. Բերքթայի որոշ բացատրությունների հետ, սակայն չեմ կարող ակնկալել, որ նա ինձ նման պետք է միևնույն դիրքորոշումն ունենա հայկական հարցերի վերաբերյալ: Ի վերջո, նա թուրք է, բայց արդարամիտ թուրք, ինչը չենք կարող ասել թուրք ղեկավարների և թուրքական հասարակության լայն հատվածների մասին, որոնք մինչ օրս շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստերը․․․

Պրոֆ. Բերքթայը մեծ ռիսկի է դիմել՝ հրապարակելով Հայոց ցեղասպանության մասին իր պատասխանները համացանցում, հատկապես հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում ներկայումս տիրող դաժան մթնոլորտի պայմաններում, երբ տասնյակ հազարավոր անմեղ թուրք քաղաքացիներ ձերբակալվել և նետվել են բանտերը․․․


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG